«Նրանք բարձր ռեյտինգ չունեն, նրանք ունեն անսահման քանակությամբ փող».Անահիտ Բախշյանը ՀՀԿ-ի ու «Ծառուկյան» դաշինքի մասին
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության ընտրացուցակով պատգամավորի թեկնածու առաջադրված Անահիտ Բախշյանը կարծում է՝ հանրությունը չպետք է հավատա սոցիոլոգիական հետազոտությունների արդյունքներին: Ըստ Բախշյանի՝ տվյալ հետազոտության արդյունքներին հավատալուց առաջ՝ նախ հարկավոր է իմանալ՝ ով է պատվիրել այդ հետազոտությունը, ու արդեն ամեն ինչ հասկանալի կլինի: «Ռուսական կազմակերպության անցկացրած հետազոտության տվյալների համաձայն՝ «Ազատ դեմոկտատները» անգամ մեկ տոկոսը չեն հաղթահարում, բայց մենք էլ ենք չէ՞ ուսումնասիրում, մենք էլ ենք իրադարձությունների զարգացմանը հետևում: Կարող եմ ասել՝ դրանք ընդամենը պատվերով գրված թվեր են, և բոլորովին չեն համապատասխանում իրականությանը: Ես այդ կազմակերպությունների ներկայացրած թվերի հետ կապված՝ վստահություն չունեմ: Ինչպես ասում են՝ ով փողը տալիս է, նա էլ պատվիրում է երաժշտությունը»,- Fnews.am-ի հետ նշեց Անահիտ Բախշյանը:
Ինչպես հայտնի է՝ տարբեր սոցիոլոգիական հետազոտությունների արդյունքների համաձայն՝ ֆավորիտները ՀՀԿ-ն և «Ծառուկյան» դաշինքն են: Մեր հարցին՝ եթե սոցիոլոգիական հետազոտությունների արդյունքները վստահություն չեն ներշնչում, ստացվում է՝ իրականում ՀՀԿ-ն ու «Ծառուկյան» դաշինքն այդքան բարձ ռեյտինգ չունե՞ն, Անահիտ Բաշխյանը պատասխանեց. «Նրանք բարձր ռեյտինգ չունեն, նրանք ունեն անսահման քանակությամբ փող: Այդ փողը և՛ հարցման արդյունքներն է ապահովում, և՛ ընտրակաշառքը, և՛ մնացած բաները…Ցավոք, մեր երկրում մենք չենք վստահում սոցիոլոգիական հետազոտություններին, - ընդգծեց Անահիտ Բախշյանը: