«Ամենադաժանը ո՛չ կրակոցներն էին, ո՛չ էլ թշնամու հրթիռները, այլ այն ապրումները, որ այդ պահին զգում էի արնաքամ եղող զինվորի կողքին կանգնածը»
Քառօրյա պատերազմին մասնակցած հերոս տղաների շարքում է նաեւ Շիրակի մարզի Մարմարաշեն համայնքի բնակիչ, Գյումրու մանկավարժական համալսարանի ուսանող Թելման Մարկոսյանը, ով ծառայել է պատերազմի ամենաթեժ կետում` Թալիշում: Թելմանը քառօրյայի ընթացքում մի շարք բեկորային վնասվածքներ է ստացել գլխի, ականջի, դեմքի եւ ոտքերի շրջանում: "Վիրավորում եմ ստացել ոտքից, բեկորներ կան թեւիս, դեմքիս, ականջիս մեջ: Ոտքիս դեռ ձող է դրված, մի ականջս չի լսում, ունեմ նաեւ շնչառական խնդիրներ: Դեռ ոտքիս հետ կապված վիրահատություն ունեմ առաջիկայում, բայց լսողության հետ կապված խնդիրը երեւի էդպես էլ կմնա, որովհետեւ Հայաստանում այն հնարավոր չէ վերականգնել", -Fnews.am-ի հետ զրույցում պատմեց Թելմանը:
Իսկ բուն պատերազմական օրերի մասին խոսելիս մեր զրուցակիցը հիշեց."Մարտի 31-ին էի իջել պոստերից, բայց ապրիլի 1-ի առավոտյան կրկին դիրքեր բարձրացա. այդ ժամանակ արդեն պատերազմը սկսվել էր: Չորս օր շարունակ ծառայակից ընկերներիս հետ ճակատ առ ճակատ պատերազմում էինք թշնամու դեմ: Պատերազմը շատ խիստ էր ու դաժան: Կրակոցների եւ պայթյունների տակ մենակ մի բան էի մտածում` ոնց պատերազմել, ոնց կրակել, որ ավելի ճիշտ լինի, որ ավելի շատ կորուստներ տամ թշնամուն: Իսկ երբ վիրավորվեցի, աչքիս առաջ միանգամից ընտանիքս եկավ` ծնողներս, քույրս, եղբայրս, սիրածս աղջիկը, մեկ էլ` դեռ կռիվ տվող ընկերներս: Համամիտ չեմ այն հնչող տեսակետների հետ, որ քառօրյա պատերազմի ընթացքում մեր բանակը զենքի կամ ինչ-որ բանի կարիք է ունեցել: Ճիշտ է, եթե մենք կարողանում էինք մի կրակոց արձակել, իրենք տասն էին արձակում: Բայց միեւնույնն է, մենք մեր ունեցածով ու մարտական բարձր ոգով, հայրենիքին նվիրվածության շնորհիվ կարողացանք շատ ավելի մեծաթիվ զոհեր հասցնել թշնամուն":
Թելմանը վիրավորվել է ապրիլի 5-ին, իսկ թե ինչպես մեր զրուցսկիցը անդրադարձավ դրվագ առ դրվագ. "Կանգնած էի բլինդաժի դիմաց, ինձանից մի փոքր հեռու ական պայթեց, որի հետեւանքով վիրավորվեցի: Նույն պահին իմ կողքին վիրավորվեցին եւս երեք զինվորներ, բայց ամենալուրջ վնասվածքը ստացել եմ ես: Այդ պահին ինքս իմ ուժերով փորձեցի ոտքի կանգնել. չէի հասկացել, որ ոտքս էլ է վիրավոր: Սկզբում մտածեցի, թե միայն գլուխս ու դեմքս է:
Գիտեք` ամենադաժանը ո՛չ կրակոցներն էին, ո՛չ էլ թշնամու հրթիռները, այլ այն ապրումները, երբ տեսնում էինք, թե ինչպես են մեր կողքին ընկնում մեր ընկերները. ոչ ոք չի կարող պատկերացնել, թե ինչ է այդ պահին զգում արնաքամ եղող զինվորի կողքին կանգնածը:":
Չնայած առողջական խնդիրներին, այսօր էլ հերոս զինվորը անհրաժեշտության դեպքում կմեկնի սահմանը պահելու եւ թշնամու դեմ կռվելու. "Հավատացեք, եթե կրկին թշնամին պատերազմ սկսի, առանց մի վայրկյան մտածելու կգնամ: Ծառայության չէ, բայց պատերազմի պատրաստ եմ ամեն վայրկյան":
Պատրաստեց՝
Նարե Այվազյանը
