Արտակարգ իրավիճակ Սարավանի ոլորաններում. 200-ից ավելի տրանսպորտային միջոցներ, որոնց անիվների մեծ մասն ամառային է, մնացել են ճանապարհին. ուժեղ բուքը խոչընդոտում է աշխատանքներին
Արդեն մի քանի ժամ է, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևան-Մեղրի ավոճանապարհի Սարավան-Զանգեր ճանապարհահատվածում։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 200-ից ավելի տրանսպորտային միջոցներ ուժեղ ձնաբքի և ցածր տեսանելիության պատճառով չեն կարողանում տեղաշարժվել։
Բազմաթիվ ավտոմեքենաների անվադողերն ամառային են, ինչն ավելի է դժվարեցնում վարորդների տեղաշարժը։ Ճիշտ է, տեղի ճանշինը փորձում է աշխատանքներ կատարել, որպեսզի ճանապարհը բացվի, սակայն ուժեղ բուքը խանգարում է նրանց։
Երեկվանից և ողջ գիշեր տեղում աշխատել են Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Վայոց Ձորի մարզային հրշեջ-փրկարարական վարչության և նույն վաչության Վայքի հրշեջ-փրկարարները՝ մարզի փրկարարական վարչության պետ Տիգրան Պետրոսյանի և Վայքի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար Ռուստամ Զոհրաբյանի գլխավորությամբ։
Արտակարգ պայմաններում են աշխատել նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին և 2-րդ դասակների աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Անդրանիկ Շաղոյանի, հրամանատարի տեղակալ Գեղամ Մարգարյանի և դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ։
Սիսիանի կողմից դեպի Սարավան տանող ճանապարհահատվածում ճանապարհային ոստիկանների աշխատանքը ղեկավարել է ՃՈ 2-րդ վաշտի հրամանատար, ոստիկանության գնդապետ Արամ Գալստյանը։
