Արտակարգ ավտովթար Դավիթաշենում. 36–ամյա վարորդը Lexus-ով արմատախիլ է արել ծառերը, տապալել էլեկտրասյունն ու հայտնվել ֆուտբոլի դաշտում
Այսօր՝ ապրիլի 19-ին, արտակարգ ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:10-ի սահմաններում Երևան քաղաքի Անդրանիկի 152 շենքի բնակիչ, 36-ամյա Գևորգ Մարգարյանը իր վարած Lexus մակնիշի 60 ՍՍ 909 համարանիշի ավտոմեքենայով Դավիթաշեն 1-ին թաղամասի Կաղնուտի այգում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել 2 ծառի, արմատախիլ արել այն, այնուհետև հարվածել Կաղնուտի այգու հարևանությամբ գործող ֆուտբոլի դաշտի էլեկտրասյանը, տապալել այն, նորից առաջ ընթանալով՝ կոտրել ֆուտբոլի դաշտի ցանկապատը և մասամբ մխրճվել ֆուտբոլի դաշտում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան:
Վթարի մասին իմանալով՝ Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանի հանձնարարությամբ ժամանել են վարչական շրջանի Կոմունալ ծառայության աշխատակիցները՝ պետ Անդրանիկ Մանուկյանի գլխավորությամբ: Դեպքի վայրում հավաքվածները ասում էին, որ վթարի պատճառը եղել է անվադողերի պայթելը, սակայն դա քիչ հավանական է համարվում, քանի որ չի բացառվում, որ անվադողերը պայթած լինեն այն բանի պատճառով, որ վարորդը շումախերական վթարի հետևանքով անվադողերով բախվել է «բորդյուրներին», ինչի հետևանքով էլ անվադողերը պայթել են: Հավաքվածներն ասւմ էին, որ երջանիկ պատահականություն է, որ ոչ ոք չի տուժել,, քանի որ այդ ժամին մարզադաշտում միշտ երեխաներ են խաղալիս եղել: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ ավտոմեքենան վարել է երիտասարդ աղջիկ, սակայն հետո արդեն ժամանած Գ. Մարգարյանը ներկայացել է, որ իբրև ինքն է վարել ավտոմեքենան:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: shamshyan.com
