Ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում. ЗИЛ-ը գլխիվայր շրջվելով հայտնվել է ձորում. կա 2 զոհ, 2 վիրավոր, մահացածներից մեկին բնակիչները ոտքով պատգարակով տեղափոխում են Թալինի հիվանդանոց
Քիչ առաջ ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 11։30-ի սահմաններում ГАЗ 53 մակնիշի 19 ՍՏ 705 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Զովասար գյուղում դեռևս անհայտ պայմաններում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվել։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 2 հոգի էլ տեղափոխվել են Թալինի բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1 դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար, ոստիկանության փոխգնդապետ Գագիկ Վարդանյանի և դասակի հրամանատար Արմեն Պողոսյանի գլխավորությամբ։ Օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Թալինի հրշեջ-փրկարարական ջոկատը, ովքեր օգնել են, որպեսզի վիրավորները տեղափոխվեն հիվանդանոց։
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արմեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Թալինի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Մելոյանի գլխավորությամբ։ Այս պահին Թալինի ոստիկաններն ու ՃՈ ծառայողները սպասում են, որպեսզի դեպքի վայր ժամանի Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության խումբը։ Փաստի առթիվ Թալինի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի /ճանապարհատրանսպորտային պատահար, որն ազգուշությամբ առաջացրել է 2 և ավելի մարդու մահ/ հատկանիշով։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածների և վիրավորների ինքնությունը։ Գ. Շամշյանը հայտնում է, որ նաև ավտոմեքենան բարձված է եել աթարով։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
