Կրակոցներ Ալավերդիում. «Կատա» սուպերմարկետի մոտ դիմահար կրակոցով սպանվել է նախկինում դատված 41-ամյա քաղաքացին, ում եղբայրն անցյալ տարի սպանել էր 2 հոգու
Քիչ առաջ սպանություն է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12։20-ի սահմաններում անհայտ անձը Ալավերդի քաղաքում՝ «Կատա» սուպերմարկետի հարևանությամբ, կրակոցներ է արձակել Ալավերդի քաղաքի բնակիչ Կամո Փիրուզյանի վրա։
Ինչպես Ալավերդիից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Կ. Փիրուզյանը տեղում մահացել է։
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ, ոստիկանության գնդապետ Արա Ղազարյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչները՝ մարզային քննչական վարչության պետ, արդարադատության գնդապետ Թաթուլ Շուշանյանի գլխավորությամբ։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ սպանվածի եղբայրը 2016 թվականին 2 հոգու էր սպանել և դիմել էր փախուստի։
Այս պահին տեղում աշխատում են ոստիկաններն ու քննիչները, ովքեր դեպքի վայրում տեղազննություն են կատարում, որտեղ հայտնաբերվել է հրազեն և կան կասկածներ, որ դա հանցագործության գործիքն է։
Փաստի առթիվ մարզային քննչական վարչության պետ Թ. Շուշանյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ և հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի /սպանություն/ և 235 հոդվածի 1-ին մասի /ապօրինի զենք-զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը/ հատկանիշով։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ սպանություն կատարողին փախուստի ժամանակ բռնել և վնասազերծել են ոստիկանության Թումանյանի բաժնի ՊՊԾ աշխատակիցները։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
