Երևանում «ՍԱՍ» սուպերմարկետի գանձապահի նկատմամբ ավազակային հարձակում կատարելու կասկածանքով որոնվում է «ռաբիս» երգիչ Վարդանիկը
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունիսի 30-ին Երևանում «ՍԱՍ» սուպերմարկետում կատարված ավազակային հարձակման փատով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության կենտրոն և Նորք –Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քր. օր.-ի 175 հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում որպես կասկածյալ որոնվում է Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի բնակիչ, 34-ամյա Վարդան Եղիազարյանը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության կենտրոնական բաժնի ծառայողները հսկայածավալ օպերատիվ-հետախուզական աշխատանքների արդյունքում պարզել են, որ հունիսի 30-ին Երևանում՝ «ՍԱՍ» սուպերմարկետում, ավազակային հարձակումը կատարել է Վ. Եղիազարյանը:
Վերջինս դանակի սպառնալիքի տակ սուպերմարկետի գանձապահից հափշտակել էր 600 հազար դրամ և դիմել փախուստի:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ կասկածյալ Վ. Եղիազարյանը հանրությանն հայտնի «ռաբիս» երգերի կատարող Վարդանիկն է:
Չի բացառվում, որ քննչական բաժինը միջնորդությամբ դիմի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի նրա նկատմամբ հայտարարվի հետախուզում և խափանման միջոց ընտրվի երկամսյա կալանք:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք- Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քր. օր.-ի 175 հովածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ:
Նշված քրգործը հարուցվել էր հունիսի 30-ին՝ Երևանում «ՍԱՍ» սուպերմարկետում կատարված ավազակային հարձակման փաստով:
Ժամը 04: 40-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել այն մասին, որ Թումանյան փողոցի վրա գործող «ՍԱՍ» սուպերմարկետում անհայտ անձը դանակի սպառնալիքի տակ սուպերմարկետի գանձապահ Երևանի բնակիչ, 29-ամյա Գրիգոր Ս.-ի նկատմամբ ավազակային հարձակում է կատարել՝ հափշտակելով 600 հազար դրամ:
Ստահակը իր սև գործն ավարտին հասցնելուց հետո դիմել էր փախուստի:
Դեպքի վայր էր ժամանել ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ:
