Խոշոր ու ողբերգական ավտովթար Աշտարակ-Երևան ճանապարհին. բախվել են Volkswagen-ն ու Нива-ն, հայրը մահացել է, բժիշկները պայքարում են 4-ամյա տղայի կյանքի համար
Երեկ՝ օգոստոսի 4-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Աշտարակ-Երևան ավտոճանապարհին։ Ժամը 21։40-ի սահմաններում Աշտարակ-Երևան ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում բախվել են Volkswagen մակնիշի 99 GG 399 համարանիշի և 36-ամյա Գեղամ Սարգսյանի վարած ВАЗ 2121 մակնիշի 34 GG 889 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ВАЗ 2121-ի վարորդն ու նրա ուղևոր՝ 4-ամյա Սարգիս Սարգսյանը մարմնական վնասվածներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ Գ. Սարգսյանը մահացել է, իսկ Ս. Սարգսյանը տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները երեխայի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր։
Բախման հետևանքով 2 մեքենաները դուրս են եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում, Нива-ն էլ գլխիվայր շրջվել է։
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության թիվ 19 հրշեջ-փրկարարական ջոկատը, ովքեր հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել Volkswagen-ի գազաբալոնը, իսկ Нива-ի վրայից պոկվել էր գազաբալոնն ու հետևի անվահեծանները՝ ավտոմեքենան էլ վերածվելով մետաղե ջարդոնի։
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Կարապետյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Նաիրիի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը։ Իսկ ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է Նաիրիի քննչական բաժանմունքի հերթապահ խումբը։
Փաստի առթիվ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի /ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ/ հատկանիշներով։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և մահացածի ամբողջական տվյալները։
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մահացածն ու վիրավորը հայր ու որդի են։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
