Արագածի ոստիկանները տաք հետքերով բացահայտել են երեկ Ռյա-Թազա գյուղում 3 անձանց դանակահարության դեպքը
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Արագածի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի և Համայնքային Ոստիկանության ծառայողները տաք հետքերով բացահայտել են երեկ՝ սեպտեմբերի 4-ին Արագածոտնի մարզում տեղի ունեցած 3 անձի դանակահարության դեպքը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը , ժամը 22:30-ի սահմաններում Ապարանի բժշկական կենտրոնից Ոստիկանության Արագածի բաժին հայտնել են, որ դանակահարված վիճակում իրենց մոտ են տեղափոխվել 3 քաղաքացի:
Հիվանդանոց մեկնած Ոստիկանության Արագածի բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ վիրավորներն են՝ Տաշիր քաղաքի բնակիչներ, 24-ամյա Սպարտակ Տամոյանը, 25-ամյա Մուրազ Տամոյանը և Ռյա-Թազա գյուղի բնակիչ, 23-ամյա Ալբերտ Համեյանը:
Ոստիկանները պարզել են, որ նշված անձինք հիվանդանոց են տեղափոխվել Ռյա-Թազա գյուղից, որտեղ վիճաբանություն է տեղի ունեցել նրանց և Երևան քաղաքի բնակիչ, 31-ամյա Տիտալ Թամոյանի միջև, ով իր մոտ եղած դանակով հարվածել է նշված անձնաց և դիմել փախուստի:
Հիվանդանոցից ֆոտոլրագրողին հայտնել են, որ Ս. Տամոյանը հիվանդանոց է ընդունվել «հետույքի ձախ կեսի շրջանի կտրած, ծակած վերք» ախտորոշմամբ, Մ. Տամոյանը «կրծքավանդակի կտրած, ծակած վերքեր ձախից, աջ ազդրի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ, իսկ Ա. Համեյանը՝ «աջ ազդրի միջին երրորդականի շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ:
Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական գործողություններ՝ կասկածյալ Տ. Թամոյանին հայտնաբերելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: