Արտակարգ դեպք Փարաքար գյուղում. 35-ամյա երիտասարդը ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել է հիվանդանոց, կա կասկածյալ
Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի պետ Կարեն Խաչատրյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբում ներգրավված ավագ քննիչ Գևորգ Գաբրիելյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 34-104 հոդվածի (սպանության փորձ) հատկանիշներով։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է երեկ՝ սեպտեմբերի 10-ին, «Աստղիկ» բժշկական կենտրոնից ստացած ահազանգի փաստով։
Ժամը 02։00-ի սահմաններում նշված կենտրոն է տեղափոխվել Փարաքար գյուղի բնակիչ՝ 35-ամյա մի տղամարդ, ով որովայնի, կրծքավանդակի ձախ կեսի մասում ունեցել է ծակած-կտրած վերք և իր վիճակի չի եղել կատարվածի մասին որևէ տեղեկատվություն հայտնելու։
Հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գևորգ Հակոբյանի գլխավորությամբ։
Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Խորեն Գասպարյանն է։
Արդեն Ոստիկանությունում ոստիկաններն ու քննիչները Վաղարշապատի ոստիկանապետ Գ. Հակոբյանի և քննչական բաժնի պետ Կ. Խաչատրյանի գլխավորությամբ պարզել են, որ նույն օրը, ժամը 00։05-ի սահմաններում Փարաքար գյուղի Մեքենագործների փողոցի թիվ 1 շենքի բակում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել Խ. Գասպարյանի և նույն գյուղի բնակիչ՝ 47-ամյա Արմեն Արզումանյանի միջև, որի ժամանակ Ա. Արզումանյանը իր մոտ եղած դանակով հարվածել է Խ. Գասպարյանին և նրան թողնելով անօգնական՝ դիմել է փախուստի։
Ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում հայտնաբերել են հանցագործության գործիք դանակը, իսկ ողջ գիշեր ստացված օպերատիվ-հետախուզական և քննչական ու բացատրական աշխատանքների արդյունքում կարողացել են հայտնաբերել կասկածյալ Ա. Արզումանյանին, ով այսօր՝ սեպտեմբերի 11-ին, վաղ առավոտյան մեղայականով ներկայացել է Ոստիկանության Վաղարշապատի բաժին, ով քննիչ Գ. Գաբրիելյանի որոշմամբ ձերբակալվել է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: