Կան մարդիկ, ովքեր իշխանության են եկել կրիմինալ աշխարհից.Մեր երկրում հեղինակություններ պիտի լինեն պետությունը,ՀՀ քաղաքացին
Վերջին շրջանում մեր երկրում կրիմինալ աշխարհի ներկայացուցիչներն ակտիվացել են։ Նրանք հաշվեհարդարներ են տեսնում, ինքնադատաստաններ կազմակերպում մեղմ ասած՝ այնտեղ, որտեղ կկամենան։ Դրա վառ ապացույցը եղավ այն, որ մի քանի օր առաջ անկանոն կրակահերթեր եղան Վերնիսաժի հարևանությամբ՝ Կառավարության շենքերից մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա։ Ի վերջո, կրիմինալները կառավարությունում աշխատողներից կամ էլ կառավարության շենքից, բնականաբար, «չէին քաշվելու» կամ ամաչելու։
Շատերը պնդում են՝ Հայաստանում իսկական իմաստով «օրենքով գողեր» չկան․ կան միայն թաղի «խառոշի» տղերք ու «ավտարիտետներ»։
Fnews.am-ի հետ զրույցում անդրադառնալով վերոնշյալ թեմային՝ քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը շեշտեց․ «Չեմ ուզենա կրիմինալ աշխարհի կոորդիացիայի հարցերը մեկնաբանել, բայց, բոլոր դեպքերում, նման դեպքերը ցույց են տալիս՝ իրավապահ համակարգի աշխատանքը թերի է։
Կրիմինալների ձեռքին անօրինական զենքեր են, իրավապահների ձեռքին՝ օրինական․ արդյունքում, մեր հասարակությունն անպաշտպան է մնում։ Այս անբռնազբոսիկ կրիմինալի, հեղիակությունների դեմ պետք է պայքար մղել։ Այս երկրում չի կարող լինել ոչ մի հեղինակություն։ Մեր երկրում հեղինակություններ պիտի լինեն պետությունը, ՀՀ քաղաքացին»։
Ռուբեն Մեհրաբյանը շեշտեց՝ մի քանի օր առաջ Վերնիսաժի մոտ տեղի ունեցածը լկտի մարտահրավեր էր մեր ողջ հասարակությանը, պետությանը։
Մեր հարցին՝ համամի՞տ եք այն պնդմանը, թե մեր երկրում իշխանության մեջ էլ կան կրիմինալներ, քաղաքագետը պատասխանեց․ «Կան մարդիկ, ովքեր իշխանության են եկել կրիմինալ աշխարհից»։