ԱԺ նիստը՝ ուղիղ. այսօր կքննարկվեն ՀՀ ջրային և ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու նախագծերը
ՀՀ Ազգային ժողովն այսօր շարունակում է հերթական նիստերի աշխատանքը: Մինչև օրակարգի մյուս հարցին անցնելը՝ պատգամավորները կքվեարկեն նախորդ օրվա քննարկված նախագծերը` մասնավորապես «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի լրամշակված նախագիծը երկրորդ ընթերցմամբ, «Կուտակային կենսաթոշակների մասին» և կից օրենքի նախագծերի փաթեթը` առաջին ընթերցմամբ, «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի լրամշակված տարբերակը, «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի նախագիծը, և այլն:
Այսօր կքննարկվեն նաև «Տիեզերական տարածության, այդ թվում` Լուսնի և այլ երկնային մարմինների հետազոտման և օգտագործման ոլորտում պետությունների գործունեությունը կարգավորող սկզբունքների մասին» պայմանագիրը վավերացնելու մասին հարցը, «Թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների նմուշների հանձնման կարգի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին հարցը, ՀՀ ջրային օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին, ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ կատարելու մասին և այլ նախագծեր:
ՀՀ ԱԺ կանոնակարգ-սահմանադրական օրենքի համապատասխան դրույթի համաձայն՝ օրվա վերջին սպասվում է ԱԺ-կառավարություն հարցուպատասխան:
