Ջիգարխանյանի ընկերն ու թատրոնի մամուլի ծառայությունը հերքել են դերասանի հոսպիտալացման մասին հաղորդագրությունը
Մեր թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Ջիգարխանյանի լուրջ հիվանդության մասին լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում: Այս մասին հաղորդվում է Արմեն Ջիգարխանյանի գլխավորած Մոսկվայի դրամատիկական թատրոնի կայքում:
«Նախեւառաջ ուզում ենք հայտնել, որ Արմեն Բորիսովիչն իրեն լավ է զգում, նա հիանալի տրամադրություն ունի, ինչը մաղթում է բոլորին, ով անկեղծորեն հետաքրքրվում է թատրոնի գործերով ու անհանգստանում նրա համար: Նա հիմա նոր ներկայացման բեմադրման մասին է մտածում: Որպեսզի մի փոքր հանգստանա եւ իրեն նվիրի ստեղծագործական աշխատանքին, նա մի քանի օրով առողջարան է գնացել»,- նշում է թատրոնի մամուլի ծառայությունը:
Իր հերթին դերասանի ընկեր Արթուր Սողոմոնյանը «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է, որ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը գտնվում է առողջարանում եւ իրեն շատ լավ է զգում:
«Դա հերթական սուտն է: Նա երեկվանից առողջարանում հանգստանում է, իրեն լավ է զգում»,- ասել է Սողոմոնյանը:
Ավելի վաղ ռուսական լրատվամիջոցները հաղորդել էին, որ Մոսկվայի դրամատիկական թատրոնի հիմնադիր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը ծանր վիճակում շտապ հոսպիտալացվել է: