Խոշոր ու ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում. ճակատ-ճակատի բախվել են «Mercedes»-ն ու «Nissan»-ը. կա 2 զոհ, 2 վիրավոր. մահացածները վերադառնում էին հարսանեկան արարողությունից
նոյեմբերի 26-ին, խոշոր և ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:
Ժամը 22:00-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 16-րդ կմ հատվածում, ճակատ-ճակատի բախվել են «Mercedes» մակնիշի 41 NX 001 համարանիշի և «Nissan Qashqai» մակնիշի 19 ՕՕ 048 համարանիշի ավտոմքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 2 հոգի՝ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սևանի բժշկական կենտրոն:
Հիվանդանոցից ֆոտոլրագրողին հայտնել են, որ 2-ն էլ գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում:
Վիրավորներին և մահացածներին «Mercedes» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար-ծառայության Սևանի հրշեջ-փրկարարները՝ ճանապարհային ոստիկանների հետ:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Արա Շահնազարյանի գլխավորությամբ:
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներին հիվանդանոց են ուղեկցել վաշտի հրամանատարն ու դասակի հրամանատարը, որից հետո դասակի հրամանատարը վերադարձել է դեպքի վայր:
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Սևանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վիգեն Աղեկյանի և ծառայության գծով տեղակալ Ղազար Դավթյանի գլխավորությամբ:
Այս պահին վթարի վայրում տեղազննություն են կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնի քննիչները՝ վարչության պետ Արտավազդ Ղազարյանի, Սևանի քննչական բաժնի պետ Էդիկ Պետրոսյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Հովհաննես Մարտիրոսյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ Սևանի քնչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրօրի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի մարդու մահ) հատկանիշներով:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածների և վիրավորների ինքնությունը:
Դեպքի վայր ժամանած՝ մահացածների հարազատները ասում էին, որ նրանք աշխատում էին ոստիկանության Մարտունու բաժնում և վերադառնալիս են եղել հարսանեկան արարողությունից:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
