Սպանություն Երևանում. իր տանը հայտնաբերվել է նախկինում 6 անգամ դատապարտված, «Կուճի» մականվամբ 64–ամյա տղամարդու դին. shamshyan.com
Այսօր՝ նոյեմբերի 30-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:30-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության թիվ 01 հերթապահ խումբը Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգել է, որ կանչով մեկնել են Սարի Թաղի 18 փողոցի թիվ 69 տուն, որտեղ խոհանոցի հատակին հայտնաբերվել է տղամարդու դի:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետի օպերգծով տեղակալ, Ոստիկանության գնդապետ Արտակ Պողոսյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև Ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ, Ոստիկանության գնդապետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ:
Դեպքի վայր է ժամանել նաև Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի /6-րդ/ գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ, Ոստիկանության գնդապետ Ալիկ Մարգարյանը:
Այս պահին դեպքի վայրում տեղազննություն են կատարում նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ, Արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանի գլխավորությամբ, ում կողմից ստեղծվել է քննչական խումբ և դեպքի վայրում այս պահին աշխատում են նաև նույն բաժնի մեծ թվով քննիչներ:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ տեղի ունեցածը սպանություն է և սպանվածը 64-ամյա նշված տան բնակիչ Գագիկ Հովհաննիսյանն էր:
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, մարմնի վրա կան սուր կտրած-ծակած առարկայից ստացած հարվածի մի քանի հետքեր:
Փաստի առթիվ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը՝ ժամանել է նաև վարչական շրջանի դատախազ Արմեն Չիչոյանը:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու և կատարողին հայտնաբերելու ուղղությամբ:
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ սպանվածը նախկինում 6 անգամ եղել է դատապարտված և նրան ավելի շատ ճանաչում են «Կուճի» մականվամբ:
***
22։30
Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության, Ոստիկանության Էրեբունու բաժնի և Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողությունների, այնուհետև բացատրական աշխատանքների շնորհիվ Ոստիկանության Էրեբունու բաժին է մեղայականով ներկայացել Սարի Թաղի բնակիչ՝ 27-ամյա Օնիկ Մկրտչյանը։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վերջինս կասկածվում է այսօր՝ նոյեմբերի 30-ին, Սարի Թաղի 18 փողոցի թիվ 69 տան բնակիչ՝ 64-ամյա Գագիկ Հովհաննիսյանին դանակի մի քանի հարվածով սպանելու մեջ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նա ոստիկաններին ու քննիչներին ներկայացրել է նաև հանցագործության գործիք հանդիսացող դանակը։
Քննիչի որոշմամբ նա ձերբակալվել է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
