3-ամյա երեխային պատանդ վերցնելու մեջ մեղադրվող տղամարդու եւ նախկին կնոջ հորեղբոր միջեւ առերեսում կլինի . news.am
Արմավիր քաղաքի «Մանուշակ» մանկապարտեզում 3-ամյա երեխային պատանդ վերցնելու եւ նախկին կնոջն ու նրա տատիկին մարմնական վնասվածքներ հասցնելու մեջ մեղադրվող Արգամ Հովիկյանը մոտ օրերս կտեղափոխվի «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ:
NEWS.am-ի հետ զրույցում Արգամ Հովիկյանի պաշտպան Արսեն Սարգսյանը հայտնեց, որ իր պաշտպանյալի առողջական վիճակը լավ է:
«Առաջիկայում նաեւ պետք է առերեսում լինի իմ պաշտպանյալի եւ նրա նախկին կնոջ հորեղբոր միջեւ: Հորեղբայրը դեպքի օրը նույնպես եղել է մանկապարտեզում, սակայն, կարճ ժամանակահատված»,- ասաց պաշտպանը:
Ավելի վաղ ոստիկանությունը հայտնել էր, որ 2017թ. հոկտեմբերի 30-ին, ժամը 16:25-ին ահազանգ է ստացվել, որ մի տղամարդ դանակով զինված ներխուժել է Արմավիր քաղաքի «Մանուշակ» մանկապարտեզ: Պարզվել է, որ այդ քաղաքացին Արգամ Հովիկյանն է, որը դանակի սպառնալիքով մանկապարտեզում պատանդ է պահել 3-ամյա երեխայի՝ պահանջելով հանդիպում իր նախկին կնոջ հետ:
Նրա հետ բանակցություններ են վարել իրավապահ մարմինների ներկայացուցիչները: Բանակցությունների ընթացքում ոստիկանության ծառայողներին հաջողվել է երեխային անվնաս հանել սենյակից:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ քննիչը որոշում է կայացրել տղամարդուն մեղադրանք առաջադրել Քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով եւ 218-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ եւ 4-րդ կետերով: Նա կալանավորված է եւ գտնվում է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում:
Արգամ Հովիկյանը ցուցմունք է տվել եւ հայտնել, որ մանկապարտեզ էր գնացել կնոջ հետ վերջնական խոսելու եւ նրան տուն վերադարձնելու նպատակով, իսկ եթե չստացվի, նպատակ է ունեցել կնոջ աչքի առջեւ ինքնասպան լինել: