ՊՆ բժշկական հանձնաժողովն անտեսե՞լ է զորակոչիկի սրտի արատն ու սրտային անբավարարությունը (ֆոտո). NEWS.AM
Երեւանի բնակիչ, զորակոչիկ Ավետ Վարդանյանը պնդում է, որ սրտային անբավարարություն ունի, սրտի արատ, բայց ՊՆ կենտրոնական բժշկական հանձնաժողովն այդ փաստին ուշադրություն չի դարձնում:
Այսօր՝ դեկտեմբերի 20-ին, պաշտպանության նախարարի հրամանով ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի հովանու ներքո ստեղծված, 2017թ. ձմեռային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների եւ բողոքների քննարկման հանձնաժողովում 18-ամյա Ավետ Վարդանյանը նշեց, որ թերի է հետազոտվել, ունի հիվանդություններ, որոնք հանձնաժողովում չեն զննվել:
«Ես հաճախ ուշաթափություն եմ ունենում, որի ժամանակ ձեռքերս ու ոտքերս փայտանում են: Բացի դրանից, վերջերս թոքաբորբով հիվանդ էի, թոքերս ռենտգեն անելուց հետո բժիշկը խորհուրդ տվեց սրտի «էխո» անել՝ նշելով, որ սիրտս ձեւափոխված է: Դիմեցի սրտաբանական հիվանդանոց, որտեղից ասացին, որ պարտադիր ուղեգիր է պետք, բայց զինկոմիսարիատից չտվեցին ուղեգիր «էխո»-ի համար: Դիմել եմ մասնավոր հիվանդանոց, հետազոտվել ու պարզվել է, որ սրտային անբավարարություն ունեմ, սրտի արատ»,- պատմեց զորակոչիկը:
Հասարակական խորհրդի հանձնաժողովը որոշեց դիմել ՊՆ կենտրոնական բժշկական հանձնաժողովին, որ զորակոչիկը լրացուցիչ հետազոտություն անցնի:
Խորհրդին դիմած մյուս զորակոչիկը՝ Գեւորգ Կիրակոսյանը, արդեն 10 տարի ունի երիկամների խնդիր, պարբերաբար բուժվել է, ներկայումս էլ համարվում է դիսպանսեր հիվանդ: Նրա մայրը հանձնաժողովին այսօր մանրամասն ներկայացրեց որդու հիվանդության պատմությունը:
«Տղաս հիմա գրիպ է, նրա մեզում կրկին սպիտակուց է հայտնաբերվել, ինչը նշանակում է՝ հնարավոր է կրկին երիկամների հետ կապված խնդիր լինի, քիմիա է ընդունել, արդեն 10 տարի իմ տղան դիետայով է ապրում, դեղեր է ընդունում»,- ասաց մայրը:
Խորհրդի անդամներից մեկը, որը բժշկուհի էր, հանձնաժողովի անդամներին բացատրեց, որ Գեւորգ Կիրակոսյանն ունի անհայտ պատճառով առաջացած երիկամային խնդիր, հիվանդությունն ամեն պահի կարող է սրվել: Խորհուրդը կրկին որոշեց միջնորդել ՊՆ հանձնաժողովին նոր քննություն անցկացնելու այս զորակոչիկի վերաբերյալ:
Նշենք, որ հասարակական խորհուրդն արդեն իսկ ստացել է 50 դիմում, դրանցից 23-ը քննարկվելու էին այսօր: Հանձնաժողովի նիստերն անցկացվում են Մոսկովյան 5 հասցեում գտնվող հասարակական խորհրդի աշխատավայրում երկուշաբթի եւ հինգշաբթի օրերին` ժամը 10:00-ից: Դիմում-բողոքներն ընդունվում են շաբաթվա բոլոր աշխատանքային օրերին: Տեղեկությունների համար զորակոչիկները կարող են զանգահարել 010 523482 հեռախոսահամարով:


