«Վանաձոր» ՔԿՀ աշխատակիցը դատապարտյալներին «քաղցր աչքով» է նայել ու նրանց հարազատներից ծառայություններ ընդունել .NEWS.AM
Բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին է հանձնվել ՀՀ ԱՆ «Վանաձոր» ՔԿՀ-ի տարածք թմրամիջոցներ ապօրինի տեղափոխելու եւ իրացնելու փորձ կատարելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում քննված քրեական գործը:
ՀՔԾ-ւց NEWS.am-ին հայտնում են, որ Հատուկ քննչական ծառայությունում հիշյալ քրեական գործի նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ նույն ՔԿՀ-ի անվտանգության ապահովման բաժնի աշխատակից Հ. Համբարձումյանը, որոշ դատապարտյալների հետ իր անձնական փոխհարաբերությունները չվատթարացնելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, տեւական ժամանակ դիտավորությամբ չի կատարել իր ծառայողական պարտականությունները: Մասնավորապես, Հ. Համբարձումյանը, տեղյակ լինելով, որ «Վանաձոր» ՔԿՀ-ում պահվող դատապարտյալներն ապօրինի կերպով ձեռք են բերել եւ իրենց մոտ պահում են բջջային հեռախոսներ ու բջջային հեռախոսաքարտեր, ոչ միայն որեւէ միջոց չի ձեռնարկել դատապարտյալների մոտ պահվող արգելված իրերը հայտնաբերելու եւ վերցնելու ուղղությամբ, այլեւ այդ մասին չի զեկուցել հիմնարկի ղեկավարությանը:
Հ. Համբարձումյանի վերը նշված արարքները հանգեցրել են նրան, որ դատապարտյալները տեւական ժամանակ իրենց մոտ անարգել ունենալով արգելված իրեր` բջջային հեռախոսներ, կարողացել են կապ հաստատել ինչպես միմյանց, այնպես էլ ՔԿՀ-ի տարածքից դուրս գտնվող այլ անձանց հետ, ինչը հակասում է քրեակատարողական ծառայության ոլորտը կարգավորող օրենսդրության ու իրավական ներքին կանոնակարգի պահանջներին:
Բացի այդ, օգտվելով վերը նշված դատապարտյալների հետ մտերիմ հարաբերություններից, Հ. Համբարձումյանը վերջիններիս հարազատներից ընդունել է տարբեր բնույթի ծառայություններ:
Հ. Համբարձումյանի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ 28.12.2017թ.-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով:
Նախաքննությունը շարունակվում է:
