Երեխաներիս հայրը, շանտաժի միջոցով ինձ ստիպել է մերկ, կիսամերկ վիճակում մերսումներ անեմ անծանոթ տղամարդկանց
Fnews.am շարունակում է վերադառնալ դատարանի վճռով թրաֆիքնիգի զոհ ճանաչված հայ կանանց պատմություններին: Այսօրվա մեր զրուցակիցը, ինչքան էլ զարմանալի հնչի` թրաֆիքինգի է ենթարկվել Հայաստանում, ավելին` սեփական ընտանիքում: Կարինեի (անունը փոխված է) ամուսինը ծեծի, շանտաժի միջոցով ստիպել է իր անչափահաս երեխաների մորը` իրենց տանը ծառայություններ մատուցել տղամարդկանց: Ու, թեեւ ինչպես նշեցինք անցել են տարիներ, եւ Կարինեն կարողացել է կատարվածից քիչ թե շատ ուշքի գալ, բայց պատմելիս հուզմունքը զսպել չէր կարողանում...
«Անչափահաս երեխաներս էլ էին ականատես լինում` ինչպես եմ կիսամերկ մերսումներ անում»
-Երկուսուկես տարի շարունակ ամուսինս` երեխաներիս հայրը, շանտաժի միջոցով ինձ ստիպել է մերսումներ անեմ մեր բնակարանում: Իսկ մերսումները պետք է անեի մերկ կամ կիսամերկ վիճակում: Ինձ ծեծելով, սպառնալիքներով ստիպում էր դրան գնալ, իսկ ինքը հարեւան սենյակից տեսագրող սարքի միջոցով հետեւում էր այդ ամենին: Ամենասարսափելին այն էր, ու հիշողությունիցս երբեք չի ջնջվի, որ հաճախ անչափահաս երեխաներս էլ էին ականատես լինում այդ զզվանք տեսարաններին:
Ամուսինս տաքսի էր քշում, մի օր էլ եկավ տուն ասաց` մեքենաս վթարի է ենթարկվել, կա՛մ պետք է տուժողի մեքենան նորոգենք, կա՛մ գումարը` հինգ հազար դոլար վերադարձնենք: Ու հենց այդ օրը ինձ նախ առաջարկեց, ապա հրամայեց, որ այսուհետ ես պետք է մեր տանը տղամարդկանց մերսումներ անեմ: Ես միանշանակ հրաժարվեցի, ասելով, որ նախ երբեւէ մերսումներ չեմ արել, առավելեւս՝ տղամարդու: Նա սկսեց բղավել, սպառնալ, որ եթե իր պահանջները չկատարեմ, վերջս լավ չի լինի: Հաջորդ օրը առավոտյան նորից նույն սպառնալիքներով ասաց, որ ամեն դեպքում ես պետք է անեմ իր ուզածը...
Այդ օրը երեկոյան մի տղամարդու ու կնոջ հետ եկավ մեր տուն, ասաց, որ միասին պետք է հաց ուտենք: Կնոջը, ում ներկայացրել էր, որպես իր ընկերոջ ընկերուհի` թողեց ինձ մոտ, իսկ ինքն ու ընկերը իջան գարեջուր գնելու: Մինչեւ իրենց գալը, սեղանն արդեն պատրաստ էր, երկուսով բաժակները նախապես լցրած վիճակում բերեցին հյուրասիրեցին մեզ: Երբ գարեջուրը խմեցի, գլուխս սկսեց պտտվել, աչքերիս դեմը սեւանում էր: Լսում էի, հասկանում էի` ինչ է կատարվում, բայց չէի կարողանում կողմնորոշվել: Իսկ ամուսինս, ինչպես հետո իմացա, նախապես տեսանկարահանող սարք էր դրել սենյակի անկյունում, տեսագրել էր ինձ եւ այդ տղամարդուն՝ մերկ վիճակում, ինտիմ պայմաններում: Սթափվելուց հետո հասկացա, որ նման բան է կատարվել, առանց գիտակցելու, չհասկանալով, թե ինչ է կատարվում շուրջս:
Ամուսինս ամեն ինչ տեսագրել էր` հետագայում ինձ շանտաժ անելու համար: Հագնվելուց հետո, երբ արդեն կամաց-կամաց հասկանում էի, թե ինչ է կատարվում, ամուսինս ու իր ընկեր կոչվածը ժպիտները դեմքներին ցույց տվեցին տեսագրությունը: Ամուսինս ասաց. «Տեսա՞ր գլխիդ ոնց սարքեցի, հիմա է՞լ մերսումներ չես անելու: Փորձի չենթարկվես ինձ, ու տեսանյութը կգցեմ նախ համացանց, ապա՝ կդիմեմ դատարան եւ փաստերով կապացուցեմ, որ դու սեփական տանդ դավաճանել ես ամուսնուդ, քեզ էլ, բնականաբար, մայրությունից կզրկեն»: Թե ինչ զգացի այդ պահին, ուղղակի նկարագրել չեմ կարող` երեխաներիս կորցնելու վախ, զզվանք ու հիասթափություն ինքս ինձանից: Այդքանից հետո էլի չհամաձայնեցի, բայց այն տանջանքներին, ծեծերին ու կտտանքներին, որոնց ինձ ենթարկում էր ամուսինս, այլեւս անհանար էր դիմանալ, եւ ստիպված համաձայնեցի: Բերում էր հաճախորդներ, որոնց ես պետք է մերսեի, այդ մերսումների ընթացքը եւս նա տեսանկարահանում էր, ու անընդհատ սպառնում, որ հենց ուզենամ ինչ-որ մեկին բողոքեմ, հիշեմ այդ տեսանյութերի մասին: Մի օր, երբ նա տանը չէր, գտա այդ ֆայլերը, ջնջեցի բոլոր տեսանյութերն իմ մասնակցությամբ: Այդ պահին էնպես էի ուրախացել, որ վերջապես ինձ շանտաժ անելու միջոց ամուսինս չունի, բայց...
«Մերսումներ կատարելու համար օրական վաստակում էի 40-45 հազար դրամ»
-Տղամարդկանց ընդունելիս նրանք չէի՞ն նկատում, որ Ձեր երեխաները տան են, թե՞ ոչ միշտ են տանը եղել:
-Երբեմն այո, երբեմն ոչ: Մի օր նույնիսկ անչափահաս աղջիկս տեսավ, թե ինչպես եմ ես կիսամերկ վիճակում մերսում օտար տղամարդուն: Էրեխես բացեց դուռը, ասաց. «Մամա, ո՞վ է այդ տղամարդը, ինչի՞ ես իրեն մասաժ անում»: Այդ պահին եկավ ամուսինս ու էրեխուն տարավ սենյակից: Մի օր էլ երեխաս տեսավ, թե ինչպես է հայրը ինձ ծեծում, մոտեցավ, խնդրեց, որ չծեծի, իսկ հայրը սեղանին դրված բաժակով հարվածեց երեխայիս: Աննկարագրելի ծանր ու դաժան կյանքով ենք ապրել այդ երկուսուկես տարիները. ես եւ երկու անչափահաս երեխաներս: Երեխաներիս աչքի առաջ ուրիշ տղամարդկանց էի մերսում:
-Օրական որքան գումար էր աշխատում Ձեր մատուցած ծառայություններին հաշվին:
-Մերսումները, ինչպես նշեցի, տարբեր գներ ունեին: Մերկ եւ կիսամերկ մերսումներ կատարելու համար՝ օրական վաստակում էի 40-45 հազար դրամ: Ու այդպես երկուսուկես տարի շարունակ` ամեն օր, նույնիսկ՝ գիշերները: Մի պահ եկավ, որ այլեւս իմ աշխատածով չէր բավարարվում, դրսից չորս-հինգ աղջիկներ էր բերել, որ ինձ հետ մերսումներ անեն տղամարդկանց. նրանց էլ աշխատացնում ու գումարները չէր տալիս: Մի օր, այլեւս չդիմանալով ամուսնուս ամենօրյա ծեծերին, շանտաժներին, տարաբնույթ սպառնալիքներին՝ փախա տնից ու դիմեցի իրավապահներին: Ինձ համար այդ պահին այլեւս կարեւոր չէր, թե ինչ կլինի ինձ հետ, միակ մտածմունքս երեխաներս էին:
Հիշեցնենք, որ Կարինեն թեեւ դատավճռվով տուժող է ճանաչվել, բայց ինչպես եւ մնացած թրաֆիքինգի զոհերը` չի կարողանում ինքն իրեն ներել, որ թույլ է տվել, որպեսզի սեփական երեխաների հայրը նման դաժան ձեւով վարվի իր հետ:
Նոնա Ադամյան
