Վիճաբանություն-ծեծկռտուք Երևանի պետական համալսարանում. իր աշխատասենյակում ծեծի է ենթարկվել ռոմանո-գերմանական ֆակուլտետի փոխդեկանը
Քիչ առաջ վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանի պետական համալսարանում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված բուհի ռոմանո-գերմանական ֆակուլտետի իր աշխատասենյակում ծեծի է ենթարկվել փոխդեկան, 37-ամյա Գևորգ Բարսեղյանը:
Քիչ առաջ դեպքի մասին ահազանգ է ստացվել նաև Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն, որտեղից տեղեկությունը փոխանցել են Ոստիկանության Մարաշի բաժանմունք:
Համալսարան են ժամանել Ոստիկանության օպերատիվ խումբը՝ կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչի գլխավորությամբ, ում կողմից Գ. Բարսեղյանին ծեծի ենթարկելու փաստով նյութեր են նախապատրաստվում:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ պատճառը եղել է այն, որ փոխդեկանը ուսանողուհիներից մեկին տարօրինակ առաջարկութուններ է արել, ում հայրն էլ Արցախի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյա է և ուսանողուհին այդ մասին տեղեկացրել է իր բարեկամներին, ովքեր էլ եկել են համալսարանի ռոմանո-գերմանական ֆակուլտետի վարչական շենք ու իր աշխատասենյակում հորդորել են փոխդեկանին, որպեսզի այլևս նման պահվածք չցուցաբերի, սակայն տեսնելով, որ Գ. Բարսեղյանը «իր էշն է քշում», դաստիարակչական մի քանի մուշտի են տվել:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Գ. Բարսեղյանը մարզական մեկնաբան Ռուդիկ Բարսեղյանի տղան է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
