Ողբերգական վթար Արագածոտնում. առեւանգված աղջկա հետեւից գնալիս Ford-ը շրջվել է. կա 2 զոհ, 2 վիրավոր (ֆոտո)
Հայաստանի ԱԻՆ-ում, փետրվարի 27-ին, ժամը 04:17-ին ահազանգ է ստացվել, որ Ագարակ-Ոսկեվազ ավտոճանապարհին «Ford» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ շրջվել. կան տուժածներ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Աշտարակ-Ագարակ ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «Ford» մակնիշի 55 AM 755 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 43-ամյա Աղասի Գ.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից (մոտ 15 մ) եւ շրջվել՝ հայտնվելով դաշտամիջյան հատվածում. ուղեւոր՝ 69-ամյա Ջուլիետա Գեւորգյանը տեղում մահացել է:
43-ամյա Աղասի Գ.-ն, ուղեւորներ՝ 37-ամյա Լալա Կ.-ն, 42-ամյա Սարգիս Ֆ.-ն եւ 48-ամյա Գ. Գ.-ն տեղափոխվել են Աշտարակի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, տուժածներին եւ քաղաքացու դին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, վիրավորներից Սարգիս Ֆ.-ն տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ էլ գիտակցության չգալով մահացել է:
Աղբյուրի տեղեկություններով, վթարի հետեւանքով ավտոմեքենայի առջեւի 2 անվահեծանները կոտրվել էին, գազաբալոնն էլ պոկվել եւ շպրտվել: Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ վարորդն ու ուղեւորները մեկնում էին ինչ-որ գյուղ, որտեղ գտնվում էր իրենց ազգական աղջիկը, ում առեւանգել էին: