Խոշոր ու ողբերգական ավտովթար Արարատի մարզում. 45-ամյա վարորդը Lada Priora-ով մխրճվել է բենզատարի մեջ. Lada-ի վարորդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է
Փետրվարի 27-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում Կանաչուտ գյուղի բնակիչ 45-ամյա Շահեն Խաչատրյանը Դալար-Դվին գյուղամիջյան ճանապարհի 4-րդ կմ հատվածում իր վարած Lada Priora մակնիշի 35 NՍ 881 համարանիշի ավտոմեքենայով բախվել է Արտաշատ քաղաքի բնակիչ, 49-ամյա Արսեն Հովհաննիսյանի վարած ГАЗ 52 մակնիշի առանց համարանիշի ավտոմեքենայի հետնամասին:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Lada-ի վարորդ Շ. Խաչատրյանին քաղաքացիները դուրս են բերել ավտոմեքենայից և ժամանած շտապօգնության բժիշկները նրան տեղափոխել են Արտաշատի բժշկական կենտրոն, որտեղից ֆոտոլրագրողին հայտնել են, որ նա ճանապարհին գիտակցության չգալով՝ մահացել է:
Օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի, դասակի հրամանատար Սանասար Հարությունյանի գլխավորությամբ:
Դեպքի վայր է ժամանել նաև Ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ, Ոստիկանության գնդապետ Սևան Քոչարյանի գլխավորությամբ:
Ժամանել է նաև Ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ, Ոստիկանության գնդապետ Արթուր Հովհաննիսյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արտաշատի թիվ 23 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով՝ ջոկատի հրամանատար Էդգար Սարգսյանի գլխավորությամբ:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնը և սահմանազատել տարածքը:
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գեղամ Մարգարյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ քննիչ Գոռ Մանասերյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվեցին Ոստիկանության Արտաշատի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
shamshyan.com