Սյունիքի անտառպետությունում ապօրինի 69 ծառ է հատվել. ՀՀ Սյունիքի մարզի դատախազությունում քրեական գործ է հարուցվել
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Կապանի անտառտնտեսություն» մասնաճյուղի Սյունիքի
անտառպետության թիվ 2 պահաբաժնում անտառապահի կողմից 2018 թ. փետրվարի 5-ին
կատարված հերթական ստուգայցի ժամանակ հայտնաբերվել է անհայտ անձանց կողմից
ապօրինի հատված թվով 69 ծառ:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ հատումներն իրականացվել
են 2018 թ. հունվարի 29-ից մինչև փետրվարի 5-ն ընկած ժամանակահատվածում:
Հատվել են տարբեր տրամագծերի բոխի, կաղնի և հացենի տեսակի ծառեր, ինչի
հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր՝ 2.914.250 ՀՀ դրամի
վնաս:
Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առերևույթ առկա են
հանցագործության հատկանիշներ՝ դեպքի առթիվ ՀՀ Սյունիքի մարզի
դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասով
(ծառերի, թփերի եւ բուսածածկի ապօրինի հատումը, որն առաջացրել է առանձնապես
խոշոր չափի վնաս) հարուցվել է քրեական գործ:
Նախաքննություն կատարելու համար քրեական գործն ուղարկվել է ՀՀ ՔԿ Սյունիքի
մարզային քննչական վարչություն: