Հրազդան գետից մահացած դուրս բերված 26-ամյա երիտասարդի ընտանիքը չի հավատում ինքնասպանության վարկածին (ֆոտո) . news.am
Փետրվարի 23-ին Հրազդան գետից մահացած դուրս բերված 26-ամյա Վարդան Մնացականյանի ընտանիքը չի հավատում Վարդանի ինքնասպանության վարկածին:
Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Վարդանի քույրը` Մերի Մնացականյանը, հավելելով, որ դեռ դատաբժշկական փորձաքննության արդյունքները չեն ստացել:
«Մեզ համար միայն կարեւոր է, որ մարդիկ իմանան, որ ինքնասպանություն չի եղել, նրա մարմինը այն վիճակում է եղել, որ փակ դագաղով են բերել եւ ճանապարհել: Ու չի կարելի առանց դատաբժշկական արդյունքները ստանալու հրապարակել, որ մարմնական վնասվածք չի ունեցել: Դա արդեն խոսում է նրա մասին, որ նախապես թելադրված է տեղեկատվությունը»,-ասաց Վարդանի քույրը:
Նա հավելեց, որ Վարդանը պարտքեր կամ կյանքին սպառնացող ինչ-որ խնդիրներ չի ունեցել:
Ավելի վաղ հաղորդել էինք, որ փետրվարի 23-ին Հրազդան գետից մահացած դուրս է բերվել 26-ամյա Վարդան Մնացականյանը, ով ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հունվարի 30-ից որոնվում էր որպես անհետ կորած:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Կատարվում է քննություն։
Նշենք, որ Վարդան Մնացականյանը աշխատում էր «Ռոսիա» առեւտրի կենտրոնում՝ որպես անվտանգության աշխատակից։