Երևանում՝ Կենտրոնական Բանկի դիմաց «յաշիկի» վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին և դիմել փախուստի. հետիոտնը մի քանի մետր շպրտվել և տեղում մահացել է. «յաշիկի» մեջ հայտնաբերվել է «Մակարով» տեսակի ատրճանակ
Այսօր՝ մարտի 10-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 20:50-ի սահմաններում «Mercedes G 63» մակնիշի 999 DO 99 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Վազգեն Սարգսյան փողոցում՝ ՀՀ կենտրոնական բանկի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտնին:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը մի քանի մետր շպրտվել և հայտնվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայի տակ և տեղում մահացել:
Օպերատիվորեն ժամանել է Երևանի 1-03 շտապօգնության 01 հերթապահ խումբը և բժիշկներն արձանագրել են վրաերթի ենթարկվածի մահը, ով միջին տարիքի կին էր:
Դեպքի վայր են ժամանել Երևանի Ճանապարհային ոստիկանության ծառայողները, Երևանի ՃՈ պետ Արման Հակոբյանի, և Երևանի ՃՈ պետի տեղակալ Հայկազ Մաթևոսյանի գլխավորությամբ:
Տեղում է նաև ԱԻՆ փրկարար ծառայության թիվ 3 հրշեջ-փրկարարական ջոկատը: Փրկարարները սահմանազատել են տարածքը:
Ժամանել է նաև ՃՈ հետաքննչական բաժանմունքի խումբը՝ բաժանմունքի պետ Ալբերտ Նազարյանի գլխավորությամբ:
Դեպքի մասին Երևան ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Գյուլումյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Կենտրոնական բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ:
Ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության խումբը՝ վարչության պետի տեղակալ Արտաշես Վանյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գոռ Թադևոսյանի գլխավորությամբ:
«Mercedes»-ի վարորդը վրաերթի ենթարկվածին թողնելով անօգնական, դիմել է փախուստի: Ոստիկանները նրա ավտոմեքենայում հայտնաբերել են «Մակարով» տեսակի ատրճանակ, ինչպես նաև 26-ամյա Ժորա Վարդանյանի անվամբ վարորդական իրավունքի վկայական:
Ոստիկանությունը պարզում է, թե արդյոք ավտոմեքենան նա է վարել:
Փաստի առթիվ Գոռ Թադևոսյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրօրի 242 հոդվածի 2-րդ մասի և 244 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Գ. Շամշյանի տեղեկություններով, ավտոմեքենայում հայտնաբերված վարորդական իրավունքի վկայականի անձը աշխատում է «Մարիաննա» կաթնամթերքների ընկերությունում ու նախկին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների, ներկայումս Վերաքննիչ դատարանի դատավոր Գագիկ Խանդանյանի փեսան է:
Ժամանել են նաև ոստիկանության փորձաքրեագիտական վարչության քրեագետները, ովքեր այս պահին կատարում են ավտոմեքենայի զննություն՝ նրա վրայից վերցնելով մատնահետքեր:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
