Հրազդանում մեկ գիշերվա մեջ թալանել են մի քանի Opel-ներ՝ տանելով գազաբալոնները. բնակիչները հուսով են, որ ի վերջո գողերը կհայտնաբերվեն
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ վերջին ամիսներին Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում չեն դադարում գիշերային գողությունները:
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մարտի 9-ին Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի 80 շենքի բնակիչ, 42-ամյա Հարություն Հարությունյանը ահազանգել է Ոստիկանություն և հայտնել, որ մարտի 8-ի ժամը 20:00-ից մինչև մարտի 9-ի 09:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը ամ անձինք իրեն պատկանող Opel մակնիշի 35 FՍ 193 համարանիշի ավտոմեքենայի ձախ դռան եռանկյունաձև ապակին կոտրելու և բեռնախցիկը բացելու միջոցով գողացել են գազաբալոնը:
Նույն օրը Հրազդան քաղաքի նույն թաղամասում նույն եղանակով կոտրել են 30-ամյա Արայիկ Նազարեթյանին պատկանող Opel մակնիշի 18 AR 818 համարանիշի ավտոմեքենան և գողացել գազաբալոնը:
Նույն օրը նույն թաղամասի բնակիչ, 59-ամյա Արարատ Սահակյանին պատկանող Opel մակնիշի 35 AO 414 համարանիշի ավտոմեքենայից գողացել են գազաբալոնը:
Նույն թաղամասի բնակիչ, 33-ամյա Գալուստ Գալստյանին պատկանող Opel մակնիշի 35 CF 420 համարանիշի ավտոմեքենայի ձախ դռան եռանկյունաձև ապակին կոտրելու միջոցով փորձել են գողանալ գազաբալոնը, սակայն իրենց կամքից անկախ, հանցագործությունը ավարտին չեն հասցրել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված փաստերով Ոստիկանության Հրազդանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
SHAMSHYAN.com ահազանգած հրազդանցիներն ասում էին. «Ամեն առավոտ արթնանալիս, մտածում ենք, որ հեսա մեր ավտոներն էլ են թալանելու: Բազմաթիվ ավտոմեքենաների թալանման դեպքեր են տեղի ունեցել ու միայն լսում ենք թալանի մասին, բայց բռնվողների մասին բան չենք իմանում, չնայած, եթե Հրազդանի ոստիկանները բռնեին՝ հաստատ կիմացվեր: Հո ասեղ չի, գցեն դեզի մեջ ու ման գան»:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: