Չարորակ նորագոյացություններից մահացության ցուցանիշը Հայաստանում շատ երկրների համեմատ ցածր է. առողջապահության նախարարություն
ՀՀ առողջապահության նախարարությունն անդրադարձել է լրատվամիջոցների՝ Հայաստանում չարորակ նորագոյացություններից մահացության ցուցանիշներին և այլ երկրների հետ դրանց համեմատականներին։
«Առանձին լրատվամիջոցներում կրկին շրջանառվում են ոչ հավաստի տվյալներ այն մասին, թե իբր չարորակ նորագոյացություններից մահացության ցուցունիշներով Հայաստանն աշխարհում զբաղեցնում է առաջին տեղը։
Դժվար է ճշտել, թե վկայակոչվող ոչ պաշտոնական World Life Expectancy («Կյանքի տեւողությունն աշխարհում») էլեկտոնային պարբերականը որտեղից է քաղել հրապարակած այդ տվյալները։
Հստակ է, որ ինչպես Հայաստանը, այնպես էլ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) անդամ երկրներն իրենց ցուցանիշներն ուղարկում են ԱՀԿ` միջազգային տվյալների հրապարակման և երկրների միջև համեմատական վերլուծություն կատարելու նպատակով։
ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանի երկրների համար գործող «European Health Information Gateway» (https://gateway.euro.who.int/en/indicators/hfamdb_634-sdr-malignant-neoplasms-per-100-000/visualizations/#id=30910&tab=table) պաշտոնական կայքի տվյալների շտեմարանը հնարավորություն է տալիս այս ցուցանիշների համեմատական վերլուծություն կատարել և համոզվել, որ չարորակ նորագոյացություններից մահացության ցուցունիշը Հայաստանում ցածր է շատ երկրների համեմատ։
«European Health Information Gateway» տվյալների շտեմարանում առկա են ըստ տարիքի տարբեր պատճառներից մահացության ստանդարտացված ցուցանիշներ և ԱՀԿ կողմից վերլուծվող մի շարք այլ վիճակագրական տվյալներ: Եվրոպական տարածաշրջանի բոլոր երկրների միջև համեմատական վերլուծություն հնարավոր է իրականացնել 2014թ. հասանելի տվյալների հիման վրա:
Համաձայն դրանց՝ Հայաստանում չարորակ նորագոյացությունների պատճառով վաղաժամ (0-64 տարիքային խմբում) մահացության ցուցանիշը կազմել է 83, իսկ բոլոր տարիքային խմբերում` 186 (100 000 բնակչի հաշվով)։ Հունգարիայում նույն ցուցանիշները համապատասխանաբար կազմել են 117 և 230, Խորվաթիայում` 89.3 և 208.4, Սերբիայում` 102 և 198.5, Լատվիայում` 89.4 և 194.5, Լեհաստանում` 87.7 և 192, Ռումինիայում` 91 և 176, Մոլդովայում` 90.4 և 165.2:
Հետևաբար, տեղեկատվությունը, թե իբր Հայաստանը չարորակ նորագոյացություններից մահացության ցուցանիշներով աշխարհում զբաղեցնում է առաջին տեղը, իրականությանը չի համապատասխանում»։