Երևանում ոստիկանության ծառայողները փրկել են 34-ամյա բուժքրոջ կյանքը, ով փորձում էր կամրջից ցած նետվելով՝ ինքնասպան լինել
Մարտի 24-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի 3-րդ վաշտի աշխատակիցները Դավիթաշենի կամրջի վրա կանխել են Երևանի բնակիչ, 34-ամյա Մանե Ա.-ի ինքնասպանության փորձը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններին, ովքեր ծառայություն էին կատարում, ժամը 23:10-ի սահմաններում մոտեցել են 2 քաղաքացի և հայտնել, որ մի աղջիկ կամրջի վտանգավոր եզրագիծն անցել և սպառնում է իրեն ցած նետել:
Ոստիիկանները կարողացել են բանակցությունների արդյունքում կնոջը հետ բերել կամրջի վտանգավոր եզրագծից, որից հետո տեղափոխել են ոստիկանության Մաշտոցի բաժին:
Գ Շամշյանի տեղեկություններով՝ նա աշխատում է Երևանում գործող հիվանդանոցային համալիրներից մեկում՝ որպես բուժքույր և իր կողմից ծայրահեղ այդ քայլին դիմելու դրդապատճառը համարել է սոցիալական խնդիրները:
Փաստի առթիվ ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: