Սյունիքի մարզում 25-ամյա վարորդը ԳԱԶ-69-ով բախվել է բնակելի տան պատին, այնուհետև հաստաբուն ծառին և կողաշրջվել. կան վիրավորներ
Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի ավագ հետաքննիչ Վարդանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում՝ մարտի 22-ին Սյունիքի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի փաստով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը՝ ժամը 22:15-ի սահմաններում, 25-ամյա Էրիկ Ավագյանը՝ իր վարած ԳԱԶ-69-Ա մակնիշի 06 DO 090 համարանիշի ավտոմեքենայով, Գորիսի Անկախության փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել թիվ 63 տան պատին, այնուհետև հարվածել հաստաբուն ծառին և կողաշրջվել:
Վթարի հետևանքով Է. Ավագյանն ու նրա ուղևոր՝ 25-ամյա Գոռ Մելքումյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գորիսի բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Անդրանիկ Շաղոյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Գորիսի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները: