Գնացել էր կնոջն աշխատանքից տուն բերելու. Նոր մանրամասներ Կոտայքում տեղի ունեցած ողբերգական վթարից .news.am
Երեկ` մարտի 28-ին ժամը 18.40-ի սահմաններում Հրազդան-Հանքավան ճանապարհի 4-րդ կմ հատվածում` դեպի Հրազդան ընթանալիս «Նիսսան» մակնիշի մեքենայի մասնակցությամբ տեղի ունեցած ողբերգական ավտովթարի մասին NEWS.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել:
Մեր թղթակցի փոխանցմամբ, ավտովթարից մահացած երեք անձինք Հրազդանի Ջրառատ թաղամասի բնակիչներ են. «47-ամյա Աննա Շաբոյանը, եւ 59-ամյա Դավիթ Շաբոյանը ամուսիններ էին: Մյուս մահացածը` Ալեքսանը, նրանց հարեւանն է: Վարորդը Դավիթն էր, կինն աշխատում էր ջերմոցներում, նա էլ գնացել էր աշխատանքից տուն բերելու: Ճանապարհին հանդիպել եւ վերցրել էին Ալեքսանին, ով նույնպես ջերմոցում էր աշխատում եւ տուն էր գալիս: Ամբողջ գյուղով ցնցված ենք, որովհետեւ թե Դավիթենք, եւ թե Ալեքսանենք շատ լավ մարդիկ են, աշխատող, խելոք: Վթարը Մամաներ կոչվող տարածքում է եղել, որտեղ պատեր կան, դե չգիտենք կոնկրետ ինչն է եղել պատճառը, բայց ասում են, արագ է վարել ու էդ պատերի մոտ չի կարողացել կառավարել մեքենան»,-պատմեցին հարեւանները:
Մահացած ամուսինները երկու աղջիկ ունեին` ամուսնացած, իսկ տղան Գերմանիայում է:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 3 մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է 2 եւ ավելի մարդու մահ) հատկանիշներով:
Հիշեցնենք, որ երեկ` մարտի 28-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում, որի հետեւանքով վարորդն ու երկու ուղեւորները մահացել են:
news.am
