Երևանում՝ «Կոնգրես» հյուրանոցային համալիրի դիմաց, դանակահարվել է 15-ամյա երեխա. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
Երեկ՝ ապրիլի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ոստիկանության Կենտրոնական բաժին հայտնել են, որ «կրծքային և գոտկային ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետի տեղակալի գլխավորությամբ։
Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը, ով, ըստ բժիշկների հայտարարության, ի վիճակի չէ դեպքի մասին բացատրություններ տալու, Երևանի բնակիչ՝ 15-ամյա Վ. Բ.-ն է։
Ոստիկաննեը պարզել են, որ նա հիվանդանոց է տեղափոխվել «Կոնգրես» հյուրանոցային համալիրի դիմացից։
Մինչ բժիշկները կպայքարեին երեխայի կյանքի համար, ոստիկանության կենտրոնական բաժնի ծառայողները նրան դանակահարելու կասկածանքով ոստիկանություն են բերման ենթարկել Արագածոտնի մարզի բնակիչ՝ 35-ամյա Ա. Հ.-ին։
Վերջինս հայտնել է, որ նույն օրը, ժամը 19։00-ի սահմաններում «Կոնգրես» հյուրանոցի մոտ դանակով 2 անգամ հարվածել է Վ. Բ.-ին, քանի որ վերջինս իրեն անպարկեշտ առաջարկություն է արել։
Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։
Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, իսկ Ա. Հ.-ն ստորագրությամբ ազատ է արձակվել։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով