Շումախերական ավտովթար Կոտայքի մարզում. 22–ամյա վարորդը BMW-ով Բջնի գյուղում հայտնվել է Հրազդան գետում. նրան օգնության են հասել տեղի բնակիչները
Կոտայքի մարզում ապրիլի 4-ին , Ժամը 20:20-ի սահմաններում Կոտայքի մարզի Քաղսի գյուղի բնակիչ, 22-ամյա Արմեն Մելքոնյանը իր վարած BMW մակնիշի 14 ՏՕ 130 համարանիշի ավտոմեքենայով Բջնի գյուղի 1-ին փողոցում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել քարերի, այնուհետև կամրջի և բնակելի շինության պատին և մոտ 5 մետր առաջ ընթանալով՝ հայտնվել Հրազդան գետում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հեևանքով վարորդ Ա. Մելքոնյանը գյուղացիների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Հրազդան բժշկական կենտրոն, որտեղից էլ Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի տեսուչներ Կարեն Հակոբյանն ու Վահե Պետրոսյանը:
Ժամանել են նաև նույն վաշտի ավագ հետաքննիչ Ավետիք Ավետիսյանն ու հետաքննիչ Մայիս Բադոյանը:
Փաստի առթիվ Մ. Բադոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Մինչ Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի բժիշկները առաջին անհրաժեշտ օգնությունն էին ցուցաբերում վարորդին, Բջնի գյուղի բնակիչները մի մարդու նման օգնության ձեռք մեկնեցին վարորդին՝ դեպքի վայր բերելով վերամբարձ կռունկ և քարշակ ու ավտոմեքենան ճոպանների միջոցով դուրս բերեցին գետից:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: