Հրազդան գետից մահացած դուրս բերված 26-ամյա երիտասարդի դատաբժշկական փորձաքննության արդյունքները 45 օր անց դեռ չեն ստացել. news.am
Փետրվարի 23-ին Հրազդան գետից մահացած դուրս բերված 26-ամյա Վարդան Մնացականյանի դիակի դատաբժշկական փորձաքննության արդյունքները դեպքից 45 օր անց դեռ չեն ստացել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Վարդան Մնացականյանի քույրը` Մերի Մնացականյանը:
«Մեզ ասել էին, որ 45 օր հետո նոր կլինեն դատաբժշկական փորձաքննության արդյունքները, բայց մինչեւ հիմա չենք ստացել: Մայրս երկուշաբթի գնալու է, որ ճշտի, թե ինչու են ուշանում արդյունքները, նոր որոշենք մեր հետագա անելիքները»,- ասաց Մերի Մնացականյանը:
Նա հավելեց, որ հարուցված քրեական գործում որեւէ նորություն դեռ չկա:
Նշենք, որ Վարդան Մնացականյանի ընտանիքը չի հավատում ինքնասպանության վարկածին եւ պնդում է, որ նրան սպանել են:
Ավելի վաղ հաղորդել էինք, որ փետրվարի 23-ին Հրազդան գետից մահացած դուրս է բերվել 26-ամյա Վարդան Մնացականյանը, ով ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հունվարի 30-ից որոնվում էր որպես անհետ կորած:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Կատարվում է քննություն։
Նշենք, որ Վարդան Մնացականյանը աշխատում էր «Ռոսիա» առեւտրի կենտրոնում՝ որպես անվտանգության աշխատակից։