Մենակ կինոյում է շուրջբոլորը պայթում է, ու ոչ մի արկ չի ընկնում քո վրա. Քառօրյայի մասնակիցը՝ հրաշքով ողջ մնալու մասին
Նարեկ Մանուկյանը Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ NEWS.am-ի ֆոտոխցիկի ուշադրության կենտրոնում հայտնված փոշոտ, կեղտոտ, հոգնած, սակայն ժպտացող զինվորն է: Արդեն հայտնի դարձած նկարը Նարեկը սկզբում չէր սիրում, քանի որ «անհարմար» պահին արված լուսանկար էր: Սակայն 2 տարի անց քառօրյայի մասնակիցը այլ կերպ է արժեւորում այդ նկարն ու նկարի պատմությունը: NEWS.am-ի հետ զրույցում Նարեկը 2 տարի անց հիշեց պատերազմի, իր զգացողությունների եւ պատերազմի տված դասերի մասին։
Ինչպես սկսվեց…
Ապրիլի 2-ին սովորականի պես արթնացանք, եւ շարժվեցինք ճաշարանի վերակարգ: Այդ ժամանակ պայթյունի ձայն լսեցինք, սակայն չմտածեցինք, որ պատերազմ է, ու միմյանց հետ կատակում էինք, թե «հենա արդեն մինամյոտով խփեցին», որովհետեւ չէին հավատում, որ իրականում պատերազմ կարող էր սկսված լիներ:
Ճաշարանի պատուհանից արդեն նկատեցինք, որ զորամասում անհանգիստ վիճակ է, հրամանատարի տեղակալները զենքերով են շտաբի դիմաց կանգնած, ինչն ամեն օր չենք տեսնում:
Հետո նկատում ենք, որ հրամանատարի մեքենան է գալիս, հետեւից մի քանի ուրիշ մեքենաներ եւ արդեն հասկանում ենք, որ հաստատ անհանգիստ վիճակ է սահմանին:
Արդեն պատրաստ սպասում ենք, որ ուր որ է տագնապով մենք էլ են բարձրանալու դիրքեր:
մանրամասն` news.am