«Հավի գողություն չի, 3 երիտասարդի սպանություն է, որը թաքցնում են». «Տաք ջրերի» դեպքից 2 տարի անց հարազատները բողոքում են. news.am
Արցախի Քաշաթաղի շրջանի «Տաք ջրեր» կոչվող տարածքում 2016թ.-ի մայիսի 21-ին մահացած 3 երիտասարդների հարազատները շուրջ 2 տարի է՝ պայքարում են, որ իրավապահները պարզեն ճշմարտությունը. նրանք վստահ են՝ տեղի ունեցածը սպանություն է, ոչ թե դժբախտ պատահար:
Դեպքից անմիջապես հետո իրավապահները հայտարարեցին, որ երիտասարդները խեղդվել են լճից դուրս եկող գազից:
«Մենք առաջին օրվանից էլ կասկածել ենք, որ դժբախտ պատահար է տեղի ունեցել: Փորձաքննությամբ ապացուցվել է, որ ջուրը մաքուր է եղել, տղաների օրգանիզմում թույն չի հայտնաբերվել, տղաները ծեծի են ենթարկվել կոշտ ու բութ գործիքներով, մահը վրա է հասել պայքարելու ընթացքում եւ վնասվածքները ստացվել են կենդանության օրոք: Բայց քննիչը գործը փակել է՝ ասելով, թե դժբախտ պատահար է: Հավի գողություն չի, 3 երիտասարդի սպանություն է, որը թաքցնում են, մեզ էնքան տարան-բերեցին, է՛լ Բակո Սահակյանի մոտ ենք եղել, է՛լ դատախազի, բայց միշտ խաբել են, ուղարկել տուն»,- NEWS.am-ի հետ զրույցում դեպքից 2 տարի անց մանրամասներ է պատմել մահացած երիտասարդներից Կարեն Ալավերդյանի մայրը՝ Մերի Հարությունյանը:
Կարեն Ալավերդյանն ու մահացած երիտասարդներից Գրիշա Առուշանյանը մտերիմ ընկերներ են եղել, Սյունիքի մարզի Գորիս քաղաքից: Տեւական ժամանակ նրանք Ռուսաստանում արտագնա աշխատանքի են եղել, ապա վերադարձել են Հայաստան: Կարենը պետք է ամուսնանար, իսկ հարսանիքի կնքահայրը հենց Գրիշա Առուշանյանն էր լինելու:
«Գրիշայի հայրը՝ Դավիթ Առուշանյանը, Լաչինում է աշխատում, բրիգադիր է, կանչել էր տղաներին իր մոտ՝ ասելով, թե 10 օրվա գործ կա, եկեք արեք, փող կաշխատեք, իրենք էլ համաձայնվեցին ու գնացին: Վերջին անգամ տղայիս հետ մայիսի 17-ին եմ խոսել, ասաց՝ գործն ավարտել ենք, ես էլ ասացի՝ արի էլի, անհանգիստ եմ, բայց ասաց, որ Գրիշայի ծնունդն էլ ամսի 20-ին, կանենք ու հետ կգանք, դրանից հետո տղուս հետ չեմ խոսել, անհասանելի է եղել, մինչեւ որ իմացանք՝ նման դեպք է եղել»,- պատմեց տիկին Մերին:
Կարեն Ալավերդյանի մոր խոսքով, Դավիթ Առուշանյանը Քաշաթաղում խնդիրներ է ունեցել, պարտքեր: Հետաքրքիր է, որ միայն Առուշանյանները չեն բողոքում, մահացած մյուս երիտասարդի՝ Արտյոմ Բլբուլյանի ընտանիքը նույնպես պնդում է՝ տեղի ունեցածը սպանություն է:
մանրամասն` news.am