Կոչ ուսումնական հաստատություններին. «Այն, ինչ հիմա ուսանողը կտեսնի փողոցում, երբեք չեք կարող Ձեր գրքերով ու լեկցիաներով հասկացնել »
Որոշ համալսարաններ կամ չեն հետևում լուրերին կամ խլացուցիչներ են դրել համալսարանի շուրջն ու ձայներ չեն լսում , կամ էլ ուղղակի մաքրեմաքուր ՀՀԿ-ական են :
Խեղճ ուսանողներին այս օրերին քննության են կանչում ու մեկնաբանում, որ ավարտական կուրս եք ու չենք կարող օր փոխել:
Հիմա մի լուրջ ու անկեղծ հարց ՝ Դուք նորմալ կարողանու՞մ եք տեղաշարժվել քաղաքում, Ձեր նշած ժամերն հասնու՞մ եք համալսարան: Ախր պատասխանը պարզ է ՝ ոչ:
Բա էլ ինչու՞ եք ուսանողներին ստիպում գալ քննության, ինչու՞ Ձեզ նեղություն չեք տալիս ՝ մեկ շաբաթով հետաձգել քննություններն ու թողնել ուսանողներին՝ մասնակիցը լինել երկրում տիրող իրավիճակին : Չէ՞ որ Դուք եք քարոզում, որ մենք ենք Ձեր վաղվա ապագան, որ պետք է լավ սովորենք և այլն...
Հիմա տիրող իրավիճակից դասեր քաղելու ժամանակն է... Այն, ինչ հիմա ուսանողը կտեսնի փողոցում, դուք ՝ թեկուզ տարիներ հետո, չեք կարող Ձեր գրքերով ու լեկցիաներով հասկացնել:
Ոչ մի դասախոս չի կարող ավելի լավ բացատրել, թե ինչպես է կատարվում հեղափոխությունը, թե ինչպես են ժողովուրդը գիշերն ու ցերեկը մեկ արած պայքարում անարդարության դեմ:
Ուրեմն ՝ հարգելի ուսումնական հաստատություններ , թույլ տվեք զգալ ազգի զարկերակը, դառնալ իրավիճակի տերն ու ձուլվել ժողովրդին: Ձեր դասերն ու քննությունները միշտ էլ կան:
Դուրս եկեք փողոց ու տեսեք, թե բացի մաթեմատիկայից և լեզուներից ուրիշ ինչե՜ր կան աշխարհում, որոնց Դուք դեռ ծանոթ չեք:
Միգուցե,ստեղծվի մի պատմություն, որի մասին մենք վաղը մեր երեխաներին պատմենք: Ուրեմն թույլ տվեք սեփական աչքերով տեսնել, թե ինչպես է կերտվում պատմությունը:
Ինձ ճիշտ հասկացեք, սա ոչ թե կոչ է բռնության կամ անկարգապահության, այլ կոչ է ժողովրդավարության, հանդուրժողականության, միասնականության և համախմբման:
Իսկ ցուցարարներին, խնդրում եմ ՝ լինել հանդուրժող, երբեմն ՝ զիջող, պահպանել սթափություն և ամեն պարագայում ցուցաբերել զսպվածություն:
Իսկ որոշ քաղաքական գործիչների հորդորում եմ պահպանել տակտի զգացումը , ոչ մի պարագայում չմոռանալ հայ լինելու մասին և փորձել գտնել ճանապարհներ ՝ ստեղծված իրավիճակը ճիշտ հարթելու համար: Պետք է փնտրել ամենաճիշտ ուղին և փորձել լսել նաև ժողովրդի ձայնը:
