Արտակարգ դեպք Երևանում. 23-ամյա, 25-ամյա և 27-ամյա երիտասարդ տղաները «որովայնի և մարմնի շրջանում կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ տեղափոխվել են հիվանդանոց
Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ մայիսի 2-ին, Երևանում տեղի ունեցած արտակարգ դեպքի փաստով:
Ժամը 02:30-ի սահմաններում Երևանի Մխիթար Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն հայտնել են, որ «որովայնի և մարմնի շրջանում կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ Աջափնյակ վարչական շրջանից իրենց մոտ են տեղափոխվել 3 երիտասարդ տղաներ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը, ինչպես նաև հետաքննչական բաժանմունքի օրվա պատասխանատու հետաքննիչը:
Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածներն են Երևանի բնակիչներ, 27-ամյա Սարգիս Խաչատրյանը, 23-ամյա Ռոման Սարգսյանը և 25-ամյա Գոռ Վարդանյանը:
Մինչ Թիվ 1 համալսարանական հիվանդանոցի բժիշկները կպայքարեին նրանց կյանքի համար, ինչը հաջողվել է բժիշկներին, Մաշտոցի ոստիկանները պարզել են, որ նշված անձինք հիվանդանոց են տեղափոխվել ժողովրդին հայտնի «Կվարտալ» թաղամասից: Բժշիկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորները ի վիճակի չեն կատարվածի մասին տեղեկություններ հայտնել, քանի որ գտնվում են իրենց հսկողության տակ:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու և կատարողին կամ կատարողներին հայտնաբերելու ուղղությամբ: