«Եթե ապացուցվի, որ որևէ մեկն օրենքից դուրս է գործել, կլինի դա Երանոսյանը, թե գնդապետ Օսիպյանը, օրենքի առաջ բոլորը հավասար են և պատասխանատվություն պետք է կրեն»...
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոստիկանության առաջ դրել խնդիրներ է դրել, որոնցից առաջնայինը հանցավորության և կոռուպցիայի դեմ պայքարն են: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ նորանշանակ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը: «Մենք հենց այդ հարցերից ենք սկսելու»,-նշեց Օսիպյանը:
Անդրադառնալով նախորդ օրերին խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնության դեպքերին` Օսիպյանն ասաց, որ օրենքի առաջ բոլորը հավասար են, և, եթե կան նման դեպքեր, մեղավորները պետք է պատասխանատվություն կրեն:
Լրագրողները հետաքրքրվեցին` պաշտոնանկ կանի՞ ոստիկանության ներքին զորքերի հրամանատար Լևոն Երանոսյանին` հաշվի առնելով քաղաքացիների մոտ առկա դժգոհությունները նրա գործողություններից: Ոստիկանապետն ընդգծեց, որ կադրային փոփոխություններ ոստիկանությունում միշտ լինում են: «Ես նորից եմ կրկնում, եթե ապացուցվի, որ որևէ մեկն օրենքից դուրս է գործել, կլինի դա Երանոսյանը, թե գնդապետ Օսիպյանը, օրենքի առաջ բոլորը հավասար են և պատասխանատվություն պետք է կրեն»,- ընդգծեց ՀՀ ոստիկանության պետը:
