Արտակարգ դեպք Երևանում. կրակել են «Բիլայն» ընկերության կառավարիչ ներկայացած 32-ամյա քաղաքացու ուղղությամբ, իսկ հետո ատրճանակի բռնակով հարվածել նրա գլխին
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ մայիսի 11-ին, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության (վարչության պետի տեղակալ Ալիկ Մարգարյան), ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները (բաժնի պետ Արթուր Մկրտչյանի) գլխավորությամբ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են նույն օրը Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Դ. Մալյան փողոցում նույն վարչական շրջանի բնակիչ՝ 32-ամյա Սահակ Գ.-ին ատրճանակի բռնակով մարմնական վնասվածքներ պատճառելու, կրակոցներ արձակելու մեջ կասկածվողի ինքնությունը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով որոնվում է Երևանի բնակիչ՝ 18-ամյա Սերգեյ Ա.-ն։ Ձեռնարկվում են նաև անհրաժեշտ միջոցառումներ՝ Սերգեյ Ա.-ին և հանցագործության գործիք հանդիսացող ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Սերգեյ Ա.-ն և Սահակ Գ.-ն հանդիպել են միմյանց և վիճաբանության պատճառը եղել է ֆինանսական ինչ-որ հարցեր, որի ժամանակ Սերգեյ Ա.-ն ատրճանակից կրակել է Սահակ Գ.-ի ուղղությամբ, իսկ հետո հարվածել նրա գլխին։ Փաստի առթիվ ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Սահակ Գ.-ն իրավապահներին հայտնել է, որ ինքն աշխատում է «Բիլայն» ընկերությունում՝ որպես կառավարիչ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: