Մանե Թանդիլյանն առաջարկում է երկրորդ երեխայի ծննդյան նպաստի չափը 50 հազարից դարձնել 150 հազար դրամ
Ժողովրդագրական խնդիրները եւ աղքատության բարձր մակարդակը Կառավարության սոցիալական ոլորտի գլխավոր առաջնահերթություններից են, որտեղ առկա են բազմաթիվ խնդիրներ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը:
Նա, մասնավորապես, նշել է.
«Հասկանալով, որ բոլոր խնդիրները միանգամից եւ արագ լուծել հնարավոր չէ, միեւնույն ժամանակ, նախարարությունը յուրաքանչյուր օր առկա ռեսուրսների շրջանակներում, անելու է առավելագույնը արձանագրելու թեկուզ փոքր ձեռքբերումներ:
Այդ կապակցությամբ, Կառավարության քննարկման եմ պատրաստվում ներկայացնել փոփոխության առաջարկ «Երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը սահմանելու, երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու եւ վճարելու կարգը հաստատելու մասին» կառավարության որոշման մեջ:
Առկա նպաստների չափերը իհարկե հեռու են բավարար լինելուց, սակայն 2017թ. հաստատված պետական բյուջեի շրջանակներում այս փուլում առկա է հնարավորություն կատարել հնարավորինս փոքր փոփոխություններ:
Նախնական քննարկումների արդյունքում առաջարկվում է 2018թ. հուլիսի 1-ից երկրորդ երեխայի ծննդյան նպաստի չափը եռապատկել՝ 50.000 դրամի փոխարեն սահմանել 150.000 դրամ: Նշված փոփոխությունը պետական բյուջեից երեխայի ծննդյան նպաստների հատկացումների բյուջեի վրա էական ազդեցություն չի ունենա:
Առաջիկայում նշված հարցին կտրվի ավելի համապարփակ եւ արդյունավետ լուծում՝ վերանայելով նաեւ ընտանեկան դրամագլխի տնօրինման կարգը»: