Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Կանադա և ԱՄՆ՝ ներդրողների և հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպելու
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով մեկնել է Կանադա, այնուհետև այցը կշարունակվի դեպի ԱՄՆ:
Այդ մասին հայտնում են փոխվարչապետի գրասենյակից:
«Այսօր՝ հունիսի 26-ին, ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով մեկնել է Կանադա (Տորոնտո), այնուհետև այցը կշարունակվի դեպի ԱՄՆ (Լոս Անջելես): Պատվիրակության կազմում են ՀՀ փոխվարչապետի գրասենյակի ղեկավար Սերժ Վարագ Սիսեռյանը, փոխվարչապետի օգնական Վիկտորյա Այդինյանը, Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Հակոբ Արշակյանը, Սփյուռքի նախարարի տեղակալ Բաբկեն Տեր-Գրիգորյանը, Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Մանե Ադամյանը, «Բիզնես Արմենիա»-ի ներկայացուցիչներ Ալինա Եղիազարյանը և Նարեկ Ալեքսանյանը:
Այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ ներդրողների, գործարար ոլորտի առաջատար կազմակերպությունների և հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Նրանց է ներկայացվելու Հայաստանում ստեղծված նոր հեռանկարների, կառավարության ծրագրային գերակա ուղղությունների, համագործակցության հնարավոր ձևաչափերի լայն շրջանակ, որի արդյունքում ակնկալվում է ներդրումներ ներգրավել Հայաստանի տնտեսության համար գերակա ուղղություններում»,-ասված է հաղորդագրության մեջ: