Պատասխանը եղել .է սպառնալիքը, որ եթե շարունակեմ հետ պահանջել այդ գումարները, կսպանի ինձ.Վարդգես Հովակիմյանը՝Ալիկ Սարգսյանի մասին
Հարգելի նախագահ, 2010թ. հուլիսի 14-ից հետո, երբ ինձ առաջարկվեց մարզպետի պաշտոնից ազատվելու դիմում գրել, Ձեր կողմից եղավ խոստում ինձ նոր աշխատանքով ապահովելու մասին (որը մինչև օրս չի կատարվել): Ահա այդ օրվանից 8 տարի շարունակ փորձում եմ արժանանալ Ձեր ընդունելությանը, բայց ապարդյուն: Իմ նկատմամբ դրսևորված անարդարության պատճառը այդ ժամանակ ՀՀ ոստիկանապետի պաշտոնը թյուրիմացաբար զբաղեցնող Ալիկ Սարգսյանն էր: Այդ կաշառակեր, ոստիկանի անունը արատավորող անձը իմ նկատմամբ շինծու մեղադրանք ներկայացրեց և քրեական գործ հարուցեց բացառապես իմ ունեցվածքին տիրանալու նպատակով, ինչը նրա համար սովորական վարքագիծ է: Հետագայում կարողացա դատարանում ապացուցել իմ անմեղությունը և վերականգնել բարի համբավը, բայց այդ ստահակը մինչև օրս չի արժանացել համարժեք պատժի: Ուզում եմ, որ իմանաք՝ 2011թ. հոկտեմբերի 19-ից մինչև 2013թ. մայիսի 3-ը ձգվող դատավարության ընթացքում մասնակցել եմ 54 դատական նիստերի, որը հոգեբանական և բարոյական մեծ ողբերգություն էր իմ և ընտանիքիս անդամների համար: Մինչդեռ այդ ընթացքում Ալիկ Սարգսյանը զբաղեցնում էր ՀՀ Ոստիկանապետի պաշտոնը, այնուհետև նա հայտնվեց ԱԺ-ում՝ ղեկավարելով ՀՀԿ Արարատի մարզային կառույցը, խայտառակելով ինչպես օրինականության ապահովմանը կոչված ոստիկանությունը, այժմ էլ երկրի օրենսդիր իշխանությունը:
Պարոն նախագահ, ես Ալիկ Սարգսյանին խոստացել եմ, որ չեմ ներելու նրա կողմից ինձ պատճառած ոչ միայն բարոյական, այլ նաև նյութական վնասի համար, և պարտադրելու եմ, որ նա վերադարձնի այն, ինչ արդարացիորեն պատկանում է ինձ: Պարզաբանեմ, թե ինչի մասին է խոսքը: Որոշ անձինք տեղյակ լինելով իմ և Ալիկ Սարգսյանի մտերիմ հարաբերությունների մասին՝ դիմել էին ինձ, որ միջնորդեմ իրենց ոստիկանական համակարգում աշխատանքի տեղավորման համար: Երկու դեպքում ես ընդառաջել եմ այդ խնդրանքներին: Քանի որ Ալիկ Սարգսյանը աշխատանքի տեղավորման որևէ գործ չէր անում առանց կաշառքի, ևս նրան եմ փոխանցել այն գումարները, որոնք նա պահանջել է աշխատանքի խնդրատուներից: Ավելին, կաշառքի չափը նշելիս նա հստակեցնում էր, թե գումարի որ մասն է տալու Ձեզ՝ որպես նախագահի բաժին, և որն է պահելու իրեն: Ի դեպ, եթե հավատալու լինենք այս թալանչի ոստիկանապետին, գումարի մեծ մասը նա հանձնում էր Ձեզ: Մի դեպքում էլ նա ինձանից գումար խնդրեց Ձեզ նվեր անելու համար: Նրա վարորդը եկել է իմ տուն և տարել գումարը: Պարոն նախագահ, անձնական զրույցի ժամանակ պատրաստ եմ նշել այն մարդկանց անունները, ում համար միջնորդել եմ Ալիկ Սարգսյանին, և այն գումարների չափը, որ նրանց կողմից փոխանցել եմ Ալիկ Սարգսյանին:
Լինելով էությամբ ստահակ և պատվազուրկ՝ Ալիկ Սարգսյանը նույնիսկ գումարը վերցնելուց հետո չէր կատարում իր ստանձնած պարտավորությունները: Նա մեկ խոստանում էր աշխատանքի տեղավորման հրամանը տալ երկու օրից, սպասել ևս մեկ շաբաթ, և այդպես՝ մինչև նրան արդարացիորեն ազատեցիք զբաղեցրած պաշտոնից: Դրանից հետո գումար տվողները որպես միջնորդ սկսեցին անհանգստացնել ինձ, և ես, որպես արժանապատիվ մարդ, վերադարձրի այն գումարները, որոնք փոխանցել էի Ալիկ Սարգսյանին: Տարբեր մարդկանց միջոցով և նրան ուղղված նամակներով պահանջել եմ, որ վերադարձնի այդ գումարները, և միակ պատասխանը եղել է սպառնալիքը, որ եթե շարունակեմ հետ պահանջել այդ գումարները, կսպանի ինձ: Չնայած գումարը չի վերադարձրել, սակայն վերադարձրել է ինձնից ստացած նվերները և Արարատի մարզպետի ոսկե մեդալը: Մի քանի անգամ փորձել եմ անձամբ հանդիպել Ալիկ Սարգսյանի հետ: Զանգահարել եմ, sms-ներ եմ գրել, տարբեր մարդկանց միջոցով լուրեր եմ ուղարկել, առաջարկելով՝ արի նստենք դեմ առ դեմ, իրար աչքերի նայելով խոսենք, սակայն մերժում եմ ստացել: Միայն վերջերս նրա ազգականներից մեկը առաջարկում էր փոքր գումար վճարել՝ պայմանով, որ ես մոռանամ Ալիկ Սարգսյանի չարագործությունների մասին: Իմ պատասխանը եղել է շատ հստակ. ինքը պետք է վերադարձնի այն գումարը, որը ստացել է ինձանից:
Պարոն նախագահ, Ալիկ Սարգսյանը ոստիկանության համակարգում երբևէ աշխատած ամենակոռումպացված պաշտոնյան է, Արարատի մարզի ամենահարուստ մարդը: Նրա կուտակած հարստության և կարողության համեմատության մեջ ոչինչ է անգամ Հովիկ Աբրահամյանի ունեցվածքը: Դժվար է գտնել մեկ այլ մարդու, ով այդքան սեփականության վկայական ունենա՝ շենքեր, շինություններ, գյուղնշանակության հողեր, ավազի, տրավերտինի և այլ հանքավայրեր, խանութներ ու հասարակական սննդի օբյեկտներ: Ալիկ Սարգսյանին է պատկանում Երևան-Երասխ ավտոճանապարհի տարբեր հատվածներում գտնվող 77 հեկտար հողատարածք, Ալիկ Սարգսյանին է պատկանում Արտաշատի շուկան, Ալիկ Սարգսյանին է պատկանում «Նոր Արտաշատ» ռեստորանը, Ալիկ Սարգսյանին է պատկանում «Արաքս» հանրախանութը, Ալիկ Սարգսյանին է պատկանում 11 գազալցակայան, որոնցից 7-ը՝ ամբողջությամբ, ևս 4-ը՝ մասնակի, Ալիկ Սարգսյանին են պատկանում Երևանի կենտրոնում գտնվող Այգեստան 3-րդ փողոց 8/2 շենքի 6-րդ և 9-րդ հասցեներում գտնվող բնակարանները: Այս բնակարանները Սարգսյանը բաժանել է երկու մասի՝ քիչ գույքահարկ վճարելու համար: Այդ բնակարանները Սարգսյանը ձեռք է բերել «ՄակրոԵրևան» հայ-ռուսական համատեղ ձեռնարկությունից. 6-րդ բնակարանը նա ձեռք է բերել Արմեն Վլադիմիրի Հայրապետյանից, ով այդ ժամանակ «ՄակրոԵրևան»-ի տնօրենն էր, իսկ 9 հասցեի բնակարանը՝ տնօրենի պաշտոնում Հայրապետյանին փոխարինած իր վարորդ Ազատ Լյուդվիգի Մայիլյանից:
«ՄակրոԵրևան» հայ-ռուսական համատեղ ձեռնարկությունը, որը գրանցվել է 23.04.1997թ., ստեղծվել է Ուրուգվայի դեսպանատուն կառուցելու համար: Իր ստեղծման ամբողջ ընթացքում զբաղվել է կեղծիքներով: 22.10.2014թ.-ից ընկերության տնօրեն է դարձել Սարգսյանի վարորդ Ազատ Մայիլյանը՝ պետությանը և Երևանի քաղաքապետարանին չվճարելով հսկայական գումարներ: Ալիկ Սարգսյանին է պատկանում ք. Երևան կենտրոնում Թումանյան փողոց 9 շենք 23 բնակարանը, որը նա անվանում է բունկեր: Ալիկ Սարգսյանին է պատկանում առանձնատուն Ծաղկաձորում, որը նա կառուցել է ոստիկանապետ աշխատած տարիներին, Ալիկ Սարգսյանին է պատկանում Գեղարքունիքի մարզի Ծովազարդ համայնքի առանձնատունը՝ իր երեք մասնաշենքերով, որը ևս կառուցվել է ոստիկանապետ աշխատելու ընթացքում: Ալիկ Սարգսյանին է պատկանում Կանաչուտ գյուղի երկհարկանի առանձնատունը, Ալիկ Սարգսյանին է պատկանում Կանաչուտ գյուղի գյուղնշանակության հողերի 27 տոկոսը, Ալիկ Սարգսյանին է պատկանում Ամիրյան 9 հասցեում գտնվող «Սամսունգ» ֆիրմային խանութը, Ալիկ Սարգսյանին է պատկանում Այգեստան 3 հասցեի «Նոնա» խանութը, Ալիկ Սարգսյանը Երևանի Հանրապետական ծննդատան համասեփականատերն է, Ալիկ Սարգսյանին է պատկանում Բագրատունյաց փողոցի «Նոնա» խանութը, Ալիկ Սարգսյանին է պատկանում ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում գտնվող ռեստորանային համալիր, որը աշխատեցնում է իր մտերիմ ընկեր Ժորիկը, Ալիկ Սարգսյանին է պատկանում Մասիսի տարածաշրջանում գտնվող ձկնաբուծարանը՝ 15 հա տարածքով: Արաքս գետի ափին գտնվող Ալիկ Սարգսյանին պատկանող ավազի հանքավայրի սխալ շահագործման արդյունքում խախտվել է հայ-թուրքական սահմանը, ինչի արդյունքում Հայաստանը ունեցել է տարածքային կորուստներ, քանի որ սահմանը անցնում է գետի մեջտեղով (Հայաստանի տարածքից ավազը արդյունահանելով՝ հետի հունը տեղափոխվում է դեպի տարածք): Քանի որ ժամանակին եղել եմ կադաստրի աշխատակից, իմ տրամադրության տակ է գտնվում Ալիկ Սարգսյանին փաստացի պատկանող 173 սեփականության վկայական:
Պարոն նախագահ, Ալիկ Սարգսյանի մարզպետ աշխատած ժամանակ պետբյուջեից 400 մլն դրամ գումար է հատկացվել Արարատի մարզպետարանի շենքի հիմնանորոգման համար, սակայն այդ գումարից շենքի վրա փաստացի ծախսվել է 15 մլն-ը: Մնացած գումարով նա կառուցել է «Նոր Արտաշատ» ռեստորանը: Մարզպետարանում վերանորոգման աշխատանքներ են կատարվել իմ մարզպետ աշխատած ժամանակ, երբ կապիտալ վերանորոգվել են շենքի առաջին և երկրորդ հարկերը, ինչպես նաև բոլոր հինգ հարկերի սանհանգույցները: Մարզպետ Էդիկ Բարսեղյանի շնորհիվ փոխվել են շենքի պատուհաններն ու ջեռուցման համակարգը, իսկ մարզպետ Արամայիս Գրիգորյանը մուտքի մոտ տեղադրել է արգելափակիչ:
Պարոն նախագահ, կրկին խնդրում եմ անձնական հանդիպում, որի ընթացքում պատրաստ եմ ներկայացնել Ալիկ Սարգսյանի հանցավոր կերպարը ամբողջացնող ավելի ընդգրկուն փաստեր:
Հ.Գ. ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը ոստիկանության օրվան նվիրված միջոցառումների շրջանակներում Ալիկ Սարգսյանին որպես նվեր հանձնեց 888ii88 պետհամարանիշները: Այսպես կոչված՝ գոլդ համարանիշները վաճառվում են, և դրանց վաճառքից գոյացած գումարը փոխանցվում է պետբյուջե: Նշված պետհամարանիշի արժեքը 8 մլն դրամ է: Ո՞ւմ որոշմամբ է պետությանը նման խոշոր չափի վնաս պատճառվել, կամ այդ ո՞ր ծառայությունների համար է նրան նման արժողության նվեր մատուցվել:
25.06.2018թ., հարգանքներով՝ Վարդգես Հովակիմյան