Ողբերգական դեպք Արարատի մարզում․ 60-ամյա քաղաքացին սեփական ցորենի արտը հնձելուց հետո արմատները փորձել է վառել, ինչը դարձել է նրա մահվան պատճառ
Հուլիսի 25-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 22։00-ի սահմաններում Ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ Դիտակ գյուղի վարչական տարածքում գտնվող դաշտում տղամարդու դի կա։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Արմեն Գասպարյանի և Ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Հովհաննիսյանի գլխավորությամբ։
Ոստիկանները արտի մոտ հայտնաբերել են Դիտակ գյուղի բնակիչ 60-ամյա Արտյոմ Մովսիսյանի դին։
Ըստ նախնական տեղեկությունների՝ Ա․ Մովսիսյանը եկել է դաշտ իր հնձած ցորենի արտը վառելու նպատակով, ինչը գյուղատնտեսության մեջ ընդունված է, երբ հնձից հետո վառում են։
Կրակը տարածվել է հարևան արտի ուղղությամբ։ Եվ Ա․ Մովսիսյանը փորձել է կրակը մարել, ինչը չի հաջողվել նրան, և այդ դարձել է նրա մահվան պատճառ։
Այս պահին դեպքի վայրի զննություն են կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության քննիչները։
Փաստի առթիվ Արտաշատի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: