«Աբրահամյան Հովիկը խնդրեց, թե՝ Մանվե՛լ, խաղողը մթերի, ես փողը կտամ… 2 տարի անցավ, ոչ մի կոպեկ փող չտվեցին»
Ինչպես են գործարարին վանել Հայաստանում
«Ես մինչեւ 2008-ը շատ լուրջ հարկատու եմ եղել Հայաստանի Հանրապետությունում եւ վստահ էլ չեմ, որ վերջին 10 տարիների ընթացքում այն հարկերը, որ ես չեմ տվել, մեկ ուրիշը տվել է իմ փոխարեն»,- «Առավոտի» հետ զրույցում «Վեդի Ալկոյի» սեփականատեր, նախկին պատգամավոր Մանվել Ղազարյանը այսպես պատմեց, թե ինչպես են մեր երկրում հարկային եւ տնտեսական քաղաքականությամբ վանել գործարարներին, այդ թվում՝ իրեն, ու ստիպված իր բիզնեսները հանել է ՀՀ-ից:
Նա ասաց. «Սկսեցինք հիմնականում արտահանումով զբաղվել, մեր ներքին շրջանառությունը մտածված նվազեցրինք: Ոչ թե նրա համար, որ չճնշեն, այլ հարկային դաշտը մենք առողջ չէինք տեսնում եւ անիմաստ էինք համարում այդ դաշտում ինչ-որ էներգիա ծախսել, փորձել պայքարել, մրցակցել: Ո՞ւմ հետ մրցակցես կամ ինչի՞ համար, որ տեսնում ես դիմացդ պատ է»: Մենաշնորհներ, արտոնյալներ… Մանվել Ղազարյանն ասաց՝ ո՞վ չգիտի այդ ամեն ինչը:
Մեր դիտարկմանը՝ այդ արտոնյալներից մեկն էլ Ձեզ են համարում՝ հաշվի առնելով, որ ՀՀԿ խմբակցության պատգամավոր եք եղել, նա արձագանքեց. «Հաշվի առնելով, որ մենք մինչեւ հիմա դիմացե՞լ ենք: Դիմացել ենք՝ մեծ վարկերի բեռի տակ ընկնելով, դիմացել ենք՝ զբաղվելով հիմնականում արտահանելով»:
Նա վստահեցրեց, որ իշխանությունները ոչ թե իրեն օգնել են բիզնեսը կայացնել, այլ ընդհակառակը՝ խոչընդոտել են. «Մի անգամ անձրեւոտ օր էր, գնում էի Եղեգնաձոր, մեքենայի ղեկին նստած՝ ինձ մի բարձրաստիճան չինովնիկ է զանգահարում, բա՝ Մանվել, ո՞ւր ես գնում: Ասում եմ՝ գնում եմ Եղեգնաձոր, ես իր հետո դուք-ով եմ խոսում, ինքը ինձ հետ՝ դու-ով: Ասում եմ՝ գնում եմ Եղեգնաձոր, բա՝ դու էնտեղ լուրջ պրոբլեմ ունես, գիտե՞ս, եթե էդ պրոբլեմը չլուծես, շատ մեծ խնդիրներ կունենաս: Ասում եմ՝ ես այնքան մեծ պրոբլեմներ ունեմ, մի հատ ավել, մի հատ պակասը չի վախեցնում, իմ հետ էդ տոնով մի խոսեք: Բա պրոբլեմներ ունես, արի ասա՝ լուծենք… Ասացի՝ նորմալ տնտեսական հարթությունում մարդիկ պետք է կարողանան իրենց տնտեսությունը վարել, ինչի՞ պիտի ես ինչ-որ մեկին դիմեմ, որ իմ պրոբլեմն ինքը լուծի: Իսկ խնդիրն այն էր, որ Եղեգնաձորում կար խաղողի բերքի ավելցուկ, ու մեկը ինձ խնդրում է, մեկը պարտադրում է, մեկը՝ լավ տոնով, մյուսը՝ վատ տոնով: Եթե այդ խաղողը ես մթերում եմ, պիտի բանկերից վարկ վերցնեմ, վճարեմ խաղողի դիմաց, ընկնեմ ավելորդ ծախսերի տակ, ես իմ հաշվարկներից արդեն դուրս եմ գալիս, էդ բեռն ինձ հեչ պետք չէր ո՛չ խաղողի տեսքով, ո՛չ վարկի»: Այսինքն՝ պետական պաշտոնյաները զանգել են գործարարին ու պարտադրել, որ առնի խաղող, որն իրեն պետք չէ:
մանրամասն՝այստեղ:
