Աբովյանի սոցիալական ապահովության պետական գործակալությունում քաղաքացիներից գումար են վերցրել նպաստառուների ցուցակում ընդգրկելու համար
Կոտայքի մարզի 12 քաղաքացի հաղորդում է ներկայացրել ոստիկանություն, որ նպաստների տրամադրման և նպաստառուների ցուցակում ընդգրկվելու համար իրենցից Աբովյան քաղաքի սոցիալական ապահովության պետական գործակալությունում գումար են պահանջել
Այս մասին տեղեկացնում են Գլխավոր դատախազության լրատվական ծառայությունից։
Ըստ աղբյուրի՝ հաղորդում ներկայացրած քաղաքացիներից 10-ի հաղորդման հիման վրա քրեական գործ է հարուցվել։ Կատարված հաշվարկի համաձայն՝ պետությանը պատճառվել է 2 մլն 352 հազար դրամի վնաս։
Հուլիսի 31-ին ներկայացված 3 հաղորդման հիման վրա քրեական գործը հարուցվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 311.1 երրորդ մաս-ի 2-րդ կետի «Պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալը` վարձատրություն տվողի կամ նրա ներկայացրած անձի օգտին ակնհայտ ապօրինի գործողության կամ անգործության համար» և 312-րդ հոդվածի 2-րդ մասի՝ «Կաշառք տալը, որը կատարվել է խոշոր չափերով» հատիկանիշներով։
Իսկ 7 հաղորդման հիման վրա քրեական գործը հարուցվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 311 հոդվածի՝ «կաշառք տալը» և 312-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ «Պաշտոնատար անձին կաշառք տալը»։
Քրեական գործի նախաքննությունն իրականացնում է ՀՀ քննչական կոմիտեն։