Շուռնուխում գյուղացիները ծեծել են հյուր եկած երիտասարդներին՝ նույնասեռական լինելու պատճառաբանությամբ. Ոստիկանության պարզաբանումը.VIDEO
Արդեն տեղեկացրել ենք, որ Փինք Արմենիա կազմակերպությունը երեկ տարածել էր հաղորդագրություն, ըստ որի Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղում ավելի քան 30 հոգով հարձակվել են 9 ԼԳԲՏ ակտիվիստների վրա, ծեծել նրանց:
«Հարձակվողներից գլխավորը' Հարութը , (եթե ճիշտ է ասել անունը) ցինիկ ձևով՝ ոստիկանության դիմաց , կողքինը գյուղապետն էր»,-գրել է Էլվիրա Մելիքսեթյանը ֆեյսբուքյան իր էջում։
Ոստիկանությունը պարզաբանում է ներկայացրել Շուռնուխ գյուղում տեղի ունեցած վիճաբանության առնչությամբ, որում, մասնավորապես, նշվում է.
«Զանգվածային լրատվության միջոցներում տեղեկատվություն է տարածվել, թե օգոստոսի 3-ին, ժամը 20.00-ի սահմաններում Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղում ավելի քան 30 մարդ հարձակվել են ԼԳԲՏ 9 ակտիվիստի վրա և ծեծել:
Հայտնում ենք, որ օգոստոսի 3-ին, ժամը 20.30-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Գորիսի բաժին հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել Հայկ Հ.-ն և հայտնել, որ երկու տղամարդ եկել և ցանկանում են պարզաբանումներ կատարել իրենց հետ, խնդրում է ոստիկան մոտենա:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ օգոստոսի 3-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Շուռնուխ գյուղի մի խումբ բնակիչներ 1997 թ. ծնված Հայկ Հ.-ից և նրա ընկերներից պահանջել են հեռանալ գյուղից՝ պատճառաբանելով, որ վերջիններս համասեռամոլներ են, այնուհետև նրանց միջև առաջացել է վիճաբանություն, որի ընթացքում գյուղացիներից ոմանք ծեծի են ենթարկել Հայկ Հ.-ին ու նրա ընկերներին:
Չորս անձինք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց` բուժօգնության, այնուհետև ոստիկանության ծառայողները, ապահովելով նրանց անվտանգությունը, ուղեկցել են դեպի Երևան:
Կան բերման ենթարկվածներ:
Դեպքի բոլոր հանգամանքները պարզվում են:
Նշանակվել է ԴԲՓ:
Նախապատրաստվում են նյութեր»: