Հայկական կողմը որպես հաղթող կարող է իր պահանջներն առաջադրել ղարաբաղյան կարգավորման հարցում. իրավապաշտպան
Մինչ օրս նույն ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների սեղանին Մադրիդյան սկզբունքներն են: Այս մասին օգոստոսի 14-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ընդդեմ իրավական կամայականությունների» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը՝ մեկնաբանելով ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացի հարցը:
Ըստ Ալավերդյանի՝ բանակցային գործընթացի այս ձեւաչափը բացարձակ ձեռնտու չէ ղարաբաղյան կողմի համար եւ չի համապատասխանում ընդհանուր տարածաշրջանի շահերին:
«Մենք բանակցային սեղանին այլեւս ոչինչ չունենք: Մենք ունենք միայն այդ մադրիդյան սկզբունքները ... Արդյունքում, մենք հասել ենք նրան, ինչի մասին հայտարարել էր դեռ Հայաստանի առաջին նախագահը «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթին տված հարցազրույցում, մասնավորապես, որ Հայաստանը համաձայն է, որպեսզի Ղարաբաղը մնա Ադրբեջանի կազմում, սակայն՝ ավելի բարձր կարգավիճակի շրջանակներում, այսինքն` որպես ինքնավար հանրապետություն, այլ ոչ թե ինքնավար մարզ»,- պարզաբանեց իրավապաշտպանը:
