Արտակարգ դեպք Կոտայքի մարզում. նախկին մաքսային կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանին պատկանող այգիների տարածքում հայտնաբերվել է ծառից կախված՝ 40-ամյա «Արդշինբանկի» ոսկերչի դին
Երեկ՝ օգոստոսի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում ոստիկանության Նաիրիի բաժին ահազանգ է ստացվել, որ Եղվարդ քաղաքում գտնվող ՀՀ նախկին մաքսային կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանին պատկանող այգիների տարածքում տղամարդու դի կա ծառից կախված: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Դավիթ Գևորգյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային վարչության Նաիրիի բաժնի քննչական բաժնի խումբը՝ քննիչ Սարգիս Դադոյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննչները նշված վայրում հայտնաբերել են ծառից կախված Եղվարդ քաղաքի բնակիչ, 40-ամյա Ա. Ս.-ի դին: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ դին կախված է եղել կաշվե գոտիով: Դատաբժիշկը տեղում զննելով դին, նախնական եզրակացությամբ հայտնել է, որ դիակի վրա բռնության հետքեր չեն հայնտաբերվել: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ա. Ս.-ն աշխատում էր «Արդշինբանկի» Դավիթաշենի մասնաճյուղում՝ որպես ոսկերիչ: Ամուսնացած էր, խնամքին ուներ 2 երեխա: Ըստ նրա հարազատների հայտարարության՝ նա ինքնասպան է եղել ֆինանսական խնդիրների պատճառով: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: