Ինչո՞վ է զբաղվելու Գալուստ Սահակյանը, եթե ԱԺ-ն ցրվի. ՀՀԿ ԳՄ նիստից հետո ԱԺ նախկին նախագահը պատասխանում է լրագրողների հարցերին
|
Այսօր Սերժ Սարգսյանի գլխավորությամբ տեղի ունեցած ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողները հարցեր ուղղեցին Գալուստ Սահակյանին: «ՀՀԿ-ն երբեք չի լուծարվի»,- լրագրողի համապատասխան հարցից հետո ասաց Գալուստ Սահակյանը: Ըստ նրա՝ արտահերթ ընտրությունները սխալ երևույթ են. «Այդ հարցը չի քննարկվել, բայց դա խայտառակ երևույթ է: Երբ Նիկոլ Փաշինյանը կգա, կքննարկենք, մենք մեր կարծիքը կասենք: Խորհրդարանի ինքնալուծարումը կնշանակի պետության համար ամենավտանգավոր երևույթներից մեկը: Եթե ԱԺ ընտրություններ լինեն, մենք էլ մեր մասնակիցները կունենանք»: Հարցին՝ չզարմացան, որ ավագանու ընտրություններին «Իմ քայլը» հավաքեց մոտ 82% ձայն, նա պատասխանեց. «Չզարմացանք 82%-ից, որովհետև Հանրապետականը չէր մասնակցում, մեզ ընտրողներն էլ չներկայացան ընտրության: Բայց եթե տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, Հանարապետականը կմասնացի: Հանրապետականը քաղաքապետի ընտրություններին չմասնակցեց, որովհետև մենք ունեինք լավ քաղաքապետ, որի օրոք քաղաքն այսպիսի հագեցված զարգացում ունեցավ: Այնինչ քաղաքապետի ընտրություններում Ղարաբաղի մասին ոչ մի խոսք չասվեց, որ քաղաքապետը զինվորների ծնողներին մի քանի անգամ տարել է Ղարաբաղ»: Անցած խորհրդարանական ընտրություններն, ըստ Գալուստ Սահակյանի, արդար են անցել. «Դա միայն մենք չենք ասում, այլև միջազգային կազմակերպությունները»: «Մեր կուսակցությունը կմնա ամենաարժանապատիվ և ընդհանրապես միակ կուսակցությունը մեր քաղաքական դաշտում»,- համոզմունք հայտնեց ՀՀ ԱԺ նախկին նախագահը: Ռոբերտ Քոչարյանի հետ հնարավոր համագործակցությունը ՀՀԿ պատգամավորը չբացառեց. «Եթե Ռոբերտ Քոչարյանը այնպիսի խնդիրներ առաջարկի, որը մեր ծրագրերին մոտ է, այդ ժամանակ հնարավոր է որևէ համագործակցություն։ Ցանկացած քաղաքական ուժ բոլոր քաղաքական ուժերի հետ կարող է համագործակցել, եթե դա պետության շահերից է բխում»։ Մեկ այլ լրագրողի հարցին՝ ինչով եք զբաղվելու, եթե ԱԺ-ն ցրվի, Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Ձեզ թվում է ես զբաղվելու բան չունե՞մ, ձեզ հետ կզբաղվեմ»: |
