Վերջապես այդ բարձր ամբիոնից ասվեց, որ Ադրբեջանն Արցախի հողն է ուզում՝ առանց արցախցու. Լարիսա Ալավերդյանը՝ ՄԱԿ-ում վարչապետի ելույթի մասին
«Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանն այսօր հրավիրված ասուլիսին անդրադարձավ ՄԱԿ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին՝ այն համարելով նախորդներից տարբերվող նրանով, որ ասվեց, որ «Ադրբեջանն Արցախի հողն է ուզում՝ առանց արցախցու, դա նոր ցեղասպանություն է»:
Ալավերդյանը նշեց, որ 90-ականներից սխալ թեզ է շրջանառության մեջ դրվել: «Մնացել ենք սխալ հունի մեջ, կյանքում չեք լսել, որ ես արցախյան հիմնախնդիրն ասեմ կոնֆլիկտ, դա ենթադրում է, որ պետք է փոխզիջումային լինի, որովհետև երկու կողմն էլ մեղավոր են: Լսե՞լ եք՝ հրեաներին ու նացիստներին առաջարկեն իրենց կոնֆլիկտը լուծել փոխզիջումների արդյունքում: Որևէ մեկը չի փոխել այն հունը, որը դրվել է Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ, ՀՀՇ-ի ժամանակ, իրենք դա են համարել ճիշտ, ես բոլոր ուժերին քննադատել եմ, որովհետև չի փոխվել այդ թեզը, և սեղանի վրա հայտնվել է այդ փաթեթը»,- ասաց նա:
Լարիսա Ալավերդյանի համոզմամբ՝ հիմա կարելի է ի վերջո փոխել այս սխալ մոտեցումը:
«Նորությունը, որը հնչեցվել է այդ ամբիոնից, եղել է այն պարզ ճշմարտությունը, որի մասին չեն խոսել նախորդները, ասել են, որ չի կարող Արցախը լինել Ադրբեջանի ենթակայության տակ, որ Արցախը երբևիցե չի եղել, բայց Նիկոլ Փաշինյանը ուղղակի այդ բանաձևը հնչեցրեց»,- ասաց նա և նշեց, որ պետք է նաև տեսնել, որ ԱԳ նախարարը այդ հանդիպում-բանակցությունների մեջ ևս փոխում է հենքը, բառապաշարը:
Ըստ Ալավերդյանի՝ մեր խնդիրն է գտնել գործիքակազմ՝ այդ պարզ ճշմարտությունը, որը հասկանալի է բոլորին, արտացոլելու փաստաթղթերի մեջ:
Միաժամանակ Լարիսա Ալավերդյանը նշեց, որ դեռևս տեսնում ենք, որ ասվածն ու կադրային քաղաքականությունը փոքր–ինչ տարբերվում են: Ըստ նրա՝ վերադարձվում են առաջին նախագահի դիվանագիտական կադրերը։ Ալավերդյանը հույս հայտնեց, որ այդ մարդիկ փոխել են իրենց տեսակետը:
